Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՐԳՎԻԼ ՓԱՓԱԳՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԸ ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

Թե որ կին մը ունենամ, իրիկունները կանուխ տուն պիտի երթամ. կինս դուռը պիտի վազե զիս դիմավորելու համար։ «Ո՜հ, իմ հոգիս, ո՞ւր մնացիր» ըսելով առջևս պիտի կոտրտի. պիտի ժպտի՝ օրվան ձանձրություններս ինձ մոռցնել պիտի տա. կոշիկներս ոտքես պիտի քաշե, բանթուֆլներս պիտի բերե. բալթոս պիտի հանե, գիշերազգեստս պիտի բերե... ֆեսս պիտի հանե, քյուլահ պիտի հագցնե. վար վազելով՝ օղի պիտի բերե, գավաթը պիտի լեցնե, բերանս պիտի թափե։ Վերջը քովս նստելով՝ մեկ ձեռքը ուսս պիտի նետե և սիկառ պիտի շինե — մեկ ձեռքով սիկառ կըլլա մի յա — պիտի վառե, բերանս պիտի դնե, «Ո՜հ, իմ հոգվույս հատորը, սրտիս բեկորը» ըսելով զիս պիտի զվարճացնե։ «Սեղան երթանք» ըսելով զիս պիտի վերցնե, վար պիտի տանի աթոռի վրա զիս նստեցնելով հացը կտրե և միսի ընտիր կտորները բերանս պիտի նետե: Գինին պիտի լեցնե բերանս. մեկ խոսքով զիս պիտի սնուցանե, ինչպես որ կը սնուցանե թռչուն մը յուր ձագը։ Սեղանեն ելնելով կոնք մը ջուր պիտի բերե, գուլպաներս պիտի քաշե, ոտքերս պիտի լվա, վերջեն պիտի սրբե, ջուրն ալ պիտի խմե։

Առտվանց արթննալուս պես սուրճս պիտի բերե, բալթոս, բանթալոնս պիտի հագցնե, վրձինով պիտի մաքրե, ժիլես պիտի կոճկե, մազերս պիտի սանտրե, երթաս բարյավ հոգիս ըսելով մինչև դուռը հետս պիտի գա։

Քանի մը տարիեն զավկներ պիտի ունենամ, որք տուն մտնելուս պես, «հայրիկ, հայրիկ» (Խրիմյանը չհասկցվի) ըսելով դեմս պիտի ելնեն, վրաս պիտի ցատկեն և «Մեզի ինչ բերիր» ըսելով պիտի սկսին պոռալ, ես ալ «Տղաքներս այսօր ստակ չվաստկեցա, որ բան մը առնեի» ըսելով զանոնք լռել տալու պիտի աշխատիմ. անոնք պիտի պոռան, ես պիտի պոռամ, կինս վրա պիտի գա «Ի՞նչ կըլլաք կոր» ըսելով մեզ առնե վեր պիտի տանի: