Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տղայոց «Լռեցեք» պիտի ըսե. ինձի ալ դառնալով «Չես ամչնար խոսխոճա մարդ, որ ատ տղայոց հետ կիյնաս» պիտի ըսե. ես ալ «Քա որո՞ւ կըսես կոր» ըսելով քիչ մը պիտի բարկանամ. ան գիշերը քիչ մը պաղ պիտի անցնենք։

Հետևյալ իրիկունը դուռը զարնելուս պես՝ կինս պատուհանեն պիտի երենա, առջի գիշերվան կռիվը իսկույն պիտի մոռնամ — Հակոբ, հայրդ եկավ, գնա դուռը բաց պիտի ըսե — ասոր վրա քիչ մը պիտի բարկանամ, բայց կարելի է գործ մունի ըսելով պիտի մխիթարվիմ, վեր ելնեմ պիտի, տեղեն չպիտի երերա — ինչ է ատ, ինչ ես եղեր — էյ աման, դուն ալ քեզի ինչ, պիտի ըսե, — ատ ի՞նչ խոսք է քա ըսելով՝ վրան պիտի քալեմ, ան ալ իմ վրաս պիտի քալե, ես անոր պիտի պոռամ, ան ալ ինձի պիտի պոռա, ես անոր դպիմ պիտի, ան ալ իս հրե պիտի, ես անոր զարնեմ պիտի, ան ալ ինձի զարնե պիտի» տղաքները պիտի սկսին լալ, մեր պոռալու և տղաքներուն լալու ձայնեն դրացիները տուն պիտի թափին, խաղաղություն ընելու համար զիս առնեն իրենց տունը պիտի տանին, կնոջս պիտի երթան համոզելու համար, որ հնազանդություն ընե, ան ալ որչափ ձայն ունի նե՝ «էրիկս չեմ ուզեր» պիտի պոռա, ես ալ պիտի լսեմ, արժանապատվությանս չպիտի կերցունեմ, «Ես ալ ան չեմ ուզեր» պիտի պոռամ. դրացիները իս համոզեն առնեն տուն տանին պիտի, կինս դուռը չպիտի բանա...

Չէ՛, չէ՛, չէ՛, չեմ կարգվիր...