Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՌԵՎՏՐԱԿԱՆ

Հայհոյություն — Վերջին օրերս այս ապրանքեն շատ կա հրապարակը, այս ապրանքը թեպետ և գեշ, դարձյալ առնող կա, ծախողները երևելի ու ճանցված մարդիկ ըլլալնուն համար։

Խոսք — Ուզածիդ չափ կրնաս առնել և ծախել։

Ստախոսություն — Անպակաս է, իրարու ետևե միշտ գալու վրա է, եթե այսպես շարունակ գա, կը վախցվի, որ հրապարակը անոր ծանրութենեն փլչի...

Գործք — Քանի մը տարիներե իվեր այս ապրանքը կը պակսի, այնպես որ և ո՛չ մեկ վաճառական ունի այս ապրանքեն։

Զրպարտություն — Միշտ միևնույն վիճակի մեջ է։

Հոդվածներ — Պաղելու վրա են։

Օդերը — Շատ տաք են։

Կռիվներ — Օրըստօրե կը տաքնան և միշտ դեպի վեր կը բարձրանան։

Բարեգործություն — Մեր քաղքեն ասանկ ապրանք չելներ, դրսեն ալ եկած չունի։

Երիտասարդություն — Օրեօր թեթևնալու վրա է։

Սեր — Ասոր առևտուրը շատ զարմանալի է. բերկրությամբ գնողները տրտմությամբ կը ծախեն, տրտմությամբ գնողները բերկրությամբ կը ծախեն։

Աղջիկներ — Վրա ստակ տալով կրնան ծախվիլ. այս ապրանքեն ունեցողներուն վա՜յ գլխուն։

Խոսք հասկնալ — Մեր հրապարակին վրա աս անունով ապրանք չկա։

Ազգասիրություն — Ծախող շատ կա։

Փախուկ — Օրագիրը միայն ունի հատ մը։

Մետենիյեթ — Մանզումեն կը ծախեր, բայց հիմա անոր քովն ալ չմնաց։