Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՞ՆՉՆ է ՄԱՐԴՈՒՍ ԿՅԱՆՔԸ ՄԱՇԵՑՆՈՂԸ

Թե որ Պատրիարքարանի հարցնես՝ Պրուսայի խնդիրն է պիտի ըսե։

Թե որ Ընդհանուր ժողովին հարցնես՝ վերաքննելի սահմանադրությունն է, պիտի ըսե։

Թե որ երիտասարդի մը հարցնես՝ սիրուհի մը փնտրել և չկրնար գտնելն է, պիտի ըսե։

Թե որ Մանզումեի հարցնես՝ Ագապյանեն տուն, տունեն Ագապյան երթալն է, պիտի ըսե։

Թե որ դերասանի մը հարցնես՝ մաս գոց ընելն է, պիտի ըսե։

Թե որ պարտականի մը հարցնես՝ պարտատերեդ չտեսնվելու համար փողոցե փողոց փախչելն է, պիտի ըսե։

Թե որ աղջիկի մը հարցնես՝ շինյոն չունենալն է, պիտի ըսե։

Թե որ բժիշկի մը հարցնես՝ գիշեր ատեն անկողինեն ելնել և հիվանդի երթալն է, պիտի ըսե։

Թե որ կաթ ծծող տղու մը հարցրնես՝ անոթի ըլլալ, լալ և մայրդ չկրնալ արթնցնելն է, պիտի ըսե:

Թե որ ծույլի մը հարցնես՝ ամեն առտու հագվիլ և կոճկվիլն պիտի ըսե։

Թե որ Մասիսի հարցնես՝ Բարթողիմեոսն է, պիտի ըսե։

Թե որ Հակահասունյանի մը հարցնես՝ Հասունն է՝ պիտի ըսե։

Թե որ Սետայի Հաքըքաթին հարցնես՝ իր գրածը ինք կարդալն է, պիտի ըսե։

Թե որ բանաստեղծի մը հարցնես՝ սիրտն է, պիտի ըսե։

Թե որ սիրահարի մը հարցնես՝ սիրուհվույդ ուրիշ երիտասարդի մը հետ խոսիլը տեսնելդ է, պիտի ըսե։

Թե որ Օրագիրի հարցնես՝ Սահակյան և Նունյան վարժարաններու շինությունն է, պիտի ըսե։