Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՄԱՐ, ՈՐՈՎՀԵՏԵՎ

Ինչո՞ւ համար հայերուն կապը օր օրի կը թուլնա.

— Որովհետև օր օրի խելոքնալու ետևե են։

Ինչու համար հայ օրիորդները հիմա շատ դուրս կելնեն.

— Որովհետև հիմա իրենց դուռը շատ զարնող չկա։

Ինչո՞ւ համար Ազգային վարչությունը երկու ամիս կըլլա, համար տված չէ։

— Որովհետև հիմա արձակուրդ «վաքանսի» ժամանակ է։

Ինչո՞ւ համար հայերը ազատ ըլլալ կուզեն.

— Որովհետև օրն իրիկուն եղած է։

Ինչո՞ւ համար հայ տիկինները Բերայի մոտիսթրաներուն գտցած ատեննին առաջ Ղալաթիո եկեղեցին կը հանդիպին.

— Որովհետև առջի իրիկունը երդում ըրած են թե Փրկչին ուխտ ըրած են։

Ինչո՞ւ համար հայ լրագիրները իրարու լեզու չեն հասկնար.

— Որովհետև ամենն ալ մեկ մեկ տարբեր լեզվով կը խոսին։

Ինչո՞ւ համար Ագապյան վարժարանը երեք տարի է քննություն չտար.

— Որովհետև աղա, փաշա, քեյֆին քյահյան չըլլար։

Ինչո՞ւ համար լրագրաց գրաշարները իրենց շարածին սխալներուն ուշադրություն չեն ըներ.

— Որովհետև խմբագիրները իրենց գրածին ուշադրություն չեն ըներ։

Ինչո՞ւ համար հրեաներն ու հույները օր օրի կը հարստանան ու հայերը չեն հարստանար.

— Որովհետև Ավետարանը «Երանի աղքատներուն» կըսե։

Ինչո՞ւ համար արդի երիտասարդներուն շատերը ստակ ունեցող աղջիկ կը փնտրեն.

— Որովհետև շնորհք ունեցող աղջիկ առնելու հույս չունին։