Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԾԱՆՐԱԳԼՈՒԽ ԿԻՆԵՐ

Ատենե միվեր մարդիկ սկսեր էին թե՛ իրենց կնոջը, թե՛ քոյրերուն և թե՛ իրենց համարձակաբար տեսնված ուրիշ կիներուն ու աղջիկներուն խրատ տալ որ թեթևությունը մեկդի դնեն ու քիչ մը ծանր գլուխ ըլլան:

Կիները վարժված են հնազանդության, մարդոց խոսքը գետինը չեն ձգեր — ո՞վ կրնա այդպես չէ ըսել։

Կիները մարդոց այս խոսքերը հարգելով կելնեն ճարը կը մտածեն ու կը գտնեն, բայց եկու նայե, որ այրերը քիչ մը հաստ գլուխ են ու անոնց ըրածը չեն հասկնար։

Սուրբիկ տուտուն ելեր զույգը 150 տիրհեմ կշռող անթռասիդ ածուխե երկայն ու խոշոր օղեր առեր ականջն է անցուցեր։

— Դարձյա՛լ մոտայի ետևե ես ինկեր, կնիկ։

— Աման, հոգի, Հակոբիկ աղա, դուն ալ ինչ մարդ ես չգիտեմ, ամեն օր քու խոսքդ մտիկ ընել կուզեմ, դարձյալ ինձի բան կ՝ըսես։

— Ես քեզի ե՛րբ ըսի, որ ատանկ խոշոր անճոռնի օղեր առ։

— Չէ, օղ առ չըսիր. դուն ինձի չըսի՛ր, որ ծանր գլուխ եղիր, ես ալ գացի խոշոր ու ծանր օղեր առի, որ ականջներս ի վար կախվին ու գլուխս շատ երերալու թող չտան, հիմա նայե գլուխս շատ չերերար կոր, ծանրցավ գլուխս։

Հոռոփիկ հանըմը Բերա գացեր, կես օքքա մազ առեր, բերեր գլխուն վրա դրեր է, այնպես որ առաջ թուշին վրայի ծայրեն մինչև գագաթը կես կանգուն էր, հիմա լման կանգուն մը եղեր է։

— Ա՞դ ինչ է, այդ ո՛րչափ մազ է գլխուդ վրա. այդչափ բանը քանի՞ ղուրուշի առիր։

— Շատ բան չէ, 500 ղուրուշի առի։

— Ի՛նչ կըսես, կնիկ, տո՛ւնս պիտի փլցնես դուն։

— Աման, հոգի՛, ես ալ ինչ ընելիքս մոռցա. բան մը հրաման կընես, ելնեմ հրամանդ ալ կատարեմ նե տունս պիտի փլցունես, կ՝ըսես։