Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կնիկ, ես քեզի ե՞րբ հրաման ըրի որ երթաս 500 ղուրուշի մազ առնես։

— Չէ, մազ առ չըսիր։

— է՛յ, հապա։

— Հոգի, դուն չըսի՞ր որ ծանր գլուխ եղիր։

— Է՛յ, ծանր գլուխ եղիր ըսելես ինչ կելնե։

— Ինձի այդպես հրաման ըրիր տեյի, ես ալ գացի կես օքքա մազ առի, որ գլխուս վրա դնեմ ու գլուխս ծանրանա։

Մաքրիկ հանըմը անցած օր Բերա գացեր, ու ամեն մոտիս թրաններուն խանութը գլխարկ փնտրեր է։

— Աս քանի ղուրուշ է։

— 150 ղուրուշ։

— Չէ, չըլլար. ես ծանր կուզեմ, ծանր։

— Ահա քեզի ավելի ծանր մը։

— Ա՞ս քանի ղուրուշ է։

— 200 ղուրուշ։

— Չէ, աս ալ չըլլար, ես ավելի ծանր կուզեմ։

— Ահա քեզ ավելի ծանր. ասկե ծանրը ձեր ողջությունն է։

— Աս քանի ղուրուշ է։

— 350 ղուրուշ, մեկ ստակ վար չըլլար։

Մոտիսթրան սուտ չխոսիր, մարդ չխաբեր, էվել գին ալ չուզեր. ուզած գինեն ալ պակասի չտար։

Մաքրիկ հանըմը 350 ղուրուշը տվեր, գլխարկը առեր տուն եկեր, գլուխը դրեր, նստեր իր աղային գալուն կսպասե:

— Ա՞դ ինչ է. ինչո՞ւ գլխարկով նստեր ես։

— Տեսնես ու նայիմ հիմա ալ ըսելիք մը ունիս։

— Ադի քանի ղուրուշի առիր։

— 350 ղուրուշի մինչև որ առի նե՝ հոգիս բերանս եկավ. քառսուն տեղ պտըտեցա, ասկե ծանրը չգտա։

— էյ, քեզի ո՞վ ըսավ որ ադչափ ծանր բան մը առնես գլխուդ։

— Աման, հոգի նշանիկ աղա, դուն այսօր կը զրուցես վաղը կը մոռնաս։

— Ես քեզի ի՞նչ ըսի։

— Հոգի, դու չըսի՞ր, որ ծանր գլուխ եղիր. ես ալ գացի ծանր գլխարկ մը առի, որ քու հրամանդ կատարեմ։

Այսչափ կիներուն մեջ մինակ Սաթենիկ հանըմը քիչ մը խելք ունի եղեր, որ իր էրկանը խոսքը հասկցեր ու սա պատասխանը տվեր է։

Մեր գլուխը պարապ է, ի՞նչպես կուզեք որ ծանր ըլլա։

Ծանր ըլլալը կուզեք նե՝ նայեցեք որ մեջը բան լեցներ։