Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՆՁՐԵՎ

Խելացին այն է ըսավ օր մը Գ. Օտյան էֆենտի Ընդհանուր ժողովո մեջ, որ գիտե պարագաներեն օգուտ քաղել։

Այս ճշմարտության կամացուկ մը հենվելով ես ալ ավելցնեմ, թե աշխարհիս երեսը գտնվող էակներուն մեջ ամենեն խելացին գեղեցիկ սեռն է, որ պարագաներե օգուտ քաղելե զատ ուրիշ զբաղմունք չունի։

Ամառվան տաք օրերուն մեջ կը տեսնենք, որ այս սեռը յուր կուրծքը բոլորովին կը բանա արգո հասարակության և բարակ պյուրյունճիակով մը իրենց կուրծքը հասարակութենեն ծածկել կը կեղծեն. բայց և այնպես իրենց կուրծքը դարձյալ կը տեսնվի պյուրյունճյուկի տակեն ինչպես որ լուսինը թափանցիկ ամպոց ետևեն։

Երբ որ ձմեռը գա և փողոցները քիչ մը տղմուտ ըլլան, շրջազգեստնին մինչև ծունկերնին վեր կը վերցնեն, որով հասարակության ուշադրությունը իրենց գուլպաներուն վրա կը հրավիրեն։

Ահա գեղեցիկ սեռը, ինչպես որ կը տեսնենք, պարագա մը չփախցներ ուսկից օգուտ չքաղե:

Մենք ալ ուրեմն խելացի ըլլալու համար պարագաներեն օգուտ քաղենք և պոռանք։

Կեցցե՛ ամառ, կեցցե՛ ձմեռ...