Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդը դեմ կը դնե, կինը կաղաչե, մարդը կը մերժե, կինը կը քծնի, մարդը չէ կըսե, կինը կսկսի լալ. և ինչպես որ բնական է, մարդը կը խաբվի։

Հիվանդին սենյակը կերթան, մարդը կը շտլկե յուր եղբայրը, կնիկը կերթա չվան փնտրելու. դիակը սարնիճին քովը կը դրվի. կնիկը դիակին ոտքեն չվանով մը կը կապե, էրիկ կնիկ բոլոր ումերնին կը ժողվեն, դիակը կը վերցնեն, և գլխիվայր կը կախեն զայն սարնիճին մեջ։

Խնդա՞նք, թե լանք։

Դիակը սարնիճին մեջ իջնալուն պես՝ սկսավ սա կտակն ընել, «Բոլոր հարստությունս և գույքերս եղբորս թողած եմ. մնացածն ալ քրոջս և մյուս ժառանգորդներուս ըլլա»։ Աս կը գրե թուղթի մը վրա անունը կը ստորագրե, վավերացմանը կսպասե, որ՝ սարնիճեն ելնե ու գերեզման մտնե: Մեռելին եղբայրը այն թղթին վավերացման զբաղած միջոցին, մեռյալին քույրն ու մյուս ժառանգորդները գործը կիմանան, տուեր կուգան — չմոռնանք ըսելու, որ՝ երեք օր անց էր և աս մարդը սարնիճեն ի լույս բերված էր։

— Ո՜հ, կըսե եղբայրը լալով, եղբայրնիս մեռավ. բոլոր հարըստությունը ու գույքը ինձի թողուր, մնացածն ալ ձեզի։

— Ե՜րբ մեռավ, կը հարցնե քույրը։

— Այսօր մեռավ. մեռնելեն առաջ ինձի ըսավ քի, բոլոր հարստությունս քեզի տվի, մնացածն ալ քրոջս։

— Կը հոտի կոր նե ասիկա։

— Կը հոտի կոր նե՝ ինչ ընենք, ըսավ հարսը, պանիր չէ քի սաչամ ուրան կոխեինք։

— Ասիկա շատուց մեռած է։

— Չէ ճանըմ, այսօր մեռավ, կուզես նե՝ բժիշկը կանչել տանք տե հարցուր:

Մարդը կերթա, բժիշկը կը գտնե ու մեկ երկու ոսկի տալով գործը կը հասկցնե։

— Ե՞րբ մեռավ, տեր բժիշկ։

— Աչքեն ալ պելլի է քի այսօր մեռեր է։

— Ժառանգորդներեն մին բժշկին ձեռքը գաղտապես երկու ոսկի թխմելով կը հարցնե, ե՞րբ մեռավ, տեր բժիշկ։

— Երեսեն պելլի է քի շատուց մեռած է։

— Մարդը դարձյալ երկու ոսկի թխմելով կը հարցնե. աղեկ նայե, պարոն բժիշկ, հիմա մեռած չէ մի։