Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Պետրոս մուշտակը հորը ցուցուց. ան ալ նայեցավ կատու չէ, սամուր է ըսավ։ Պետրոսը առած վեր բերած ատեն՝ քովի տանը պատուհանեն նայող կինը՝ ծո Պետրոսիկ, բեր ինձի նայիմ ատ ինտոր բան է, ըսավ. աղան ալ պատուհանեն անոր տվավ ու ետ ուզելու մոռցավ, գնաց խաղալու։ Քովի տանը կինը նայելեն ետքը, պարտեզին կողմը եղող տանը կնոջը տարավ, քա կենճ, նայե սա քովի հարսինն է, կատո՞ւ է մի, սամուր է, ըսավ։ Ան ալ իրավ որ ես աղեկ չեմ ճանչնար, կայնե, քովի Բրաբ տուտուին ցուցնենք, ըսավ։ Անկե անդիի քովի տունը, ան ալ ավելի հեռվի տունը և կարծեմ տակավին ձեռքե ձեռք կը պտըտի։

Սա ալ չմոռնանք որ հարսը նոյեմբերի 13ին տակավին մեկ շապիկով ու մեկ վարտիքով կայնած է։

— էյ, մեղա հոգի, ես չտվի՞ մի։ Ես ալ աղջիկանս այն չափ շատ ճեհեզ տվի, որ ժամկոչը սնտուկը տանելն իքեն մեջքը ցավցուցեր էր։

— Սուրբիկ, խումաշը քիրեճլի՞ է։

— Հը, քիրեճճիին խանութեն կուգա կոր։

— Հա մեղա հոգի, հարսը փատցավ, բան մը տվեք կռնակը տամ. քիրեճճիին ալ Աստված պելան տա խորասանճիին ալ։

— Չէ հոգի, խորասանճիին բան մըսեք. ան շատ վարպետ հեքիմ է, ան չըլլար նե՝ հիմա իմ աղջիկս հողերն ի վար գացած էր։

Հարսը կամաց մը հարսնքուրին — Ոտքդ պագնեմ սուս եղիր, հոգ չէ. թող ասանկ կայնիմ։

— Հա, հա, նա, նա. քյուրք մը տահա ելավ. ամեն ավուր քյուրք մը, նա՛, աս տվեք հարսին կռնակը։

— Ըհ, ինտոր ալ չամչցան ու աս քյուրքը սնտուկը դրին։

— Նա՛, ծո Պետրոս, սա քյուրքը հարսին քրոջը տուր։

Տղան մուշտակը առնելուն պես սենյակեն դուրս փախավ, վար գնաց մուշտակը թերս հագավ, վեր եկավ, սենյակին դռանը դուրսիդիեն ալապյուճյուկ պոռաց։ ներսը նստողներեն մեկը ծո բեր, ծո, հիմա կելլամ քեզ շանսատակ կը հանեմ պոռաց, տղան վար փախավ, բայց մարդ ետևեն չգնաց որ մուշտա կը առնե բերե։ Ասանկով հարսը նորեն մնաց մերկ։

Հարսնքույրը բարկացավ, կռնակեն բոլքան հանեց հարսին կռնակը տվավ։

— էյ, մեղա, հելպեթ քարշի մը կտոր կը գտնվեր տուներնիս, որ կռնակը տայինք, ադ մեզի քեոռլի՞կը ինչ պիտի ըլլա։