Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հարսը կամացուկ մը հարսնքոույրին — Ոտքդ պագնեմ բան մըսեր։

Հարսնքույրը ձայն չհանեց, հարսն ալ կամացուկ մը ուսերը թոթվեց ու բոլքան վար ձգեց։

— Քա Սուրբիկ, դա տեղեն ֆիստան մը հանե տե, դա հարսին հագցու։

— Էյ, իշտե կը նայինք կոր դուն ալ, ամսեն:

Այս անգամ իրավ բան մը փնտրելու ելան, որ հարսին կռնակը անցընեն։ Բայց խեղճ հարսին բանը լմնցեր էր. արդեն պաղը սիրտին զարկեր էր։

Սոֆիկ հանըմը հարսին երեսը նայեցավ ու կամաց մը քովինին ըսավ։

Քա Սուրբիկ, մեյեր հարսին երեսին կարմիրները պոյա են եղեր, նայե. ան երեկվան բեմպեները ո՞ւր են, հիմա դեփդեղին է կտրեր։

— Քա չէ, խլավուզը երգում ըրավ որ չքսվիր տեյի։

— Աման դուն ալ խլավուզներուն խոսքին կը հավտաս։


— Չէ, խլավուզնիս դուրսեն մարդ չէ, որ մեզ խաբե, քրոջս տալոջը կեսուրոջը քրոջը աղջիկն է։ Ան, անչափ գովեց, անչափ գովեց աս աղջիկը, որ ես ինչ գիտնամ։

— էյ, չէ, վայ խելքին, գեշ աղջիկ չերևար կոր. կուր բերան, խելոք աղջիկ մը կը նմանի կոր։

— Ամա սնտուկը շատ թեթև կերվա կոր։

— Քա, սա ծանր պողճան ինչ է աձապա։

— Քա, բաց, նայինք, բաց նայինք։

Ըհ, ...բանս ալ բան ըլլա. քառասունհինգ հատ գիրք։

— Քա, մեղա հոգի, մեր գիտցածը Սաղմոց մը, նարեկ մը. մեյ մալ երածահան մը ըլլա նե հերիք է. ան աստար գի՞րքը մի պիտի կարդա, տունին խզմեթը մի պիտի հոգա։

— Չիյտեմ, հոգի, հիմա աշխարհ բան մը եղեր է. աղջիկները մինչև քսան տարու կըլլան կոր նե՝ դպրատուն կը խրկեն կոր, ինչ է. ուսումնական պիտի ըլլան եղեր։

— Ես ուսումնական ըլլանին չտեսա ամա՝ ազատ համարձակ բան ըլլանին տեսա։ Աստված տունե տեղե հեռու ընե։