Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նստան նե ալ գրեթե միշտ քիթով պոչով ամենն ալ հարսին բերած օժիտը քիչ գտեր էին. և օժիտը քիչ ըլլալուն հարսն ալ աչքերնուն գեշ երևալ սկսեր էր։ Առջի օրվան հասակը կարճցեր էր. չամիչ աչքերը մանտալի աչք էին դարձեր, բումբուլ ձեռքերուն կարճ ու կլոր մատները սողլուճան մատներ եղեր էին. պզտիկ քիթը ագռավի քիթ կերևա, վերջապես օժիտը քիչ ըլլալուն, ան իրենց առջի տեսած աղջիկնին բոլորովին փոխվեր էր։

Երկուշաբթի գիշերն առտու եղավ, հարսին տալերը ավելը ֆայլաշը ձեռքերնին եկան հարսին սենյակը մտան ու ել հարս, աս տեղվանքը ավլելու է, ըսելով ճամբով մը հարսին հասկցուցին որ ելնե ավլե սենյակը։

Հարսը ցատկեց ելավ, որ ավլե՝ հարսնքույրը փեշեն քաշեց ու կամացուկ մը, տեղդ նստե, թող իրենք ավլեն ըսավ։ Բայց հարսը մտիկ չըրավ ու տալոջը ձեռքեն ավելը առնելով սկսավ սենյակը ավլել։

Այն օրը մինչև կես օր սանկ նանկ անցուցին. բայց ատեն ատեն օժիտին քիչ ըլլալուն վրա քար նետելու չէին մոռնար:

Իրկուն եղավ, հարսին տունեն քանի մը հոգի եկան. փեսին կողմեն եղող կնիկները անոնց հետ ալ քիթով պոչով կը տեսնվեին։

Հարսին մորեղբայրը, որ հարսին քովը նստեր էր, ինչպես ես Փերուզիկ, հարցուր. հանգի՞ստ ես։

— Շատ աղեկ եմ աղատայի, անհոգ եղիք։

— Ասոնք ինչո՞ւ ասանկ քիթերնին բերաննին ծռեր են։

— Հը, բերած ճեհեզս քիչ է եղեր ու անոր համար չեն հավնիր կոր:

— Տահա ի՞նչ կուզեն եղեր, տված խանութնիս փարա չէ՞։

— Ես ինչ գիտնամ, բայց դուք հոգ մընեք աղատայի, ես ասոնք մոռցնել կուտամ անոնց։

— Ապրիս աղջիկս, նայե, որ ճեհեզիդ չհավնեցան նե քեզի հավնին։

— Հոգ մընեք աղատայի, ես ինքզինքս կը հավնեցնեմ անոնց։

Կես գիշեր եղավ, հարսին տունեն եկողները ելան տեղերնին գացին, ասոնք ալ ասդին՝ ամեն մարդ պառկեցան։

Չորեքշաբթի օրը, կես օրեն ետքը, վարը, ուրիշ սենյակ մը հարսին կեսուրը, տալերը և ուրիշ հարսնհոր կիները առանձին նստեր դարձյալ օժիտին վրա կը խոսեին՝ մեջերնուն մեկը ըսավ.