Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վույ աղջի՚կ, Աստված քեզի համբեյություն տա: Աս քու հայրդ մայրդ խենդ է՞ին, որ քեզ ասոնց հարս տվին:

— է՛հ, հոգ չէ։

Չորեքշաբթի իրկուն ամեն մարդ կանուխկեկ պառկեցան, հետևյալ օրվան մեծ հանդեսին սպասելով։


Հինգշաբթի առտու եղավ, հարսնևորները պատրաստվեցան, որ բաչա ուտեն։

Մինչև այսօր Ազգային, Կրոնական ու Քաղաքական ժողովները չկրցան որոշել, թե այս բաչան հարսի՞նն է, չէ նե փեսին. անոր համար մենք ալ չենք գիտեր. և որովհետև հարսին բաչաներն էր, որ իրեք օր առաջ Յուղաբեր տուտուն խնդիր ըրած էր մենք ալ հինգշաբթի առտվան ուտվելիքը հարսին բաչան է ըսելու իրավունք կունենանք։

Ուրեմն, հարսնևորները պատրաստվեցան, որ հարսին բաչան ուտեն. բայց դժբախտաբար, որ մեկը անոր ծեծը կերան, որ մեկը չեխը կերան, որ մեկը լացին, որ մեկն ալ սիրտերնին կոտրած առին քալեցին։

— Իս նայե, աղապեյ, ըսավ հարսը փեսին, ասօր Չախմախճըլար յոխուշիեն պիտի անցնի՞ս։

— Չէ, իմ գործս Շահզետե պաշին է։

— Ամա պետք է որ հոն երթաս ասօր:

— Վաղը ըլլա նե չըլլա՞ր ասօր սըխը գործ ունիմ։

— Ես գործ մործ չիյտեմ, պետք է որ երթաս:

— Ադ ի՞նչ թավուրով խոսիլ է։

— Ես թավուր մավուր չիյտեմ, պետք է որ ասօր երթաս։

— Երթամ նե ի՞նչ պիտի ընեմ։

— Հոն Մեծ նոր խանին դռանը վերիդին թուղթ ծախող մը կա։

— էյ, ճանըմ թուղթի համար է նե հոստեղի ախտերեն քանի մը փարայի կառնեմ հիմա։

— Չէ, իմ ուզած թուղթս աս տեղ չգտնվիր. հոն յալտըզլը չիչեքլի թանթելալը թուղթեր կա. նամակ գրելու, անանկ պահարան ալ կա:

— Ո՞ր. աս մե՞ր ժամուն պահարանը, կա նե ասկե կառնեմ։

— Աման, դուն ալ հիչ խոսք չես հասկնար, ես քեզի ժամուն պահարանը չեմ ըսեր կոր. անանկ չիչեքլի, յալտըզլը թուղթե պա-