Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրագրո 1069 թվույն մեջ Արաբկիրեն գրված նամակ մը կարդացինք, որուն հառաջաբանը այսպես է․ «Աշխարհս գիտես, թե ամեն օր տարբեր լաթեր կառնե կը հագնի»։

Մենք գիտեինք, որ մարդիկ միայն լաթ կը հագնին, աշխարհ ալ կը հագնի եղեր։ Արգո նամակագիրը չհայտներ, թե աշխարհս ալաթուրքա՞ կը հագնի, չէ նե ալաֆրանկա։

Աշխարհս դիմակներ ալ կը գործածե եղեր։

Ըսել է, որ աշխարհս պարահանդես ալ կերթա կոր, և կարելի է, որ կը պարե կոր ալ։

Ուստի, բարև կընենք այս աշխարհին, որ պարահանդեսեն ելնելեն վերջը քրտինքը աղվոր մը չորցնե, որպեսզի հիվանդ չըլլա։

Արգո նամակագրին ալ կաղաչենք, որ աշխարհին լաթերը փոխե։


Ֆիլիպեեն առնված լուրերուն նայելով հիշյալ քաղաքին մեջ քոլերան տակավին չէ վերջացեր, և թե օրը մեկ երկու հոգի կը մեռնի եղեր։

Ի՞նչ ընենք, համբերելու է։ Մենք հոգի չունի՞նք. անոնք քոլերա ունին նե՝ մենք ալ շըմենտըֆեր ունինք։


— Օրագրո խմբագիրը դո՞ւն ես։

— Կարծեմ։

— Այսօրվան Օրագրո մեջ սուտ մը կար։

— Մե՞կ սուտ միայն։

— Այո՛։

— Ըսել է, որ ձեռագիրը շատկեկ գալուն մյուսները չեն կրցեր գնել։

— Ինչո՞ւ համար սուտ կը խոսիս։

— Ամեն մարդ գիտցածը չպի՞տի խոսի։

— Սուտ խոսելով ի՞նչ կը վաստկիս։

— Ինչ որ կը կորսնցնեմ ճշմարիտ խոսած ատենս։