Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շոգեկառքը դարձյալ ավրեց իր դաշնադրությունը։

Լրագրաց գրածին նայելով՝ Ադրիանուպոլսեն ավաղ բերող կառախումբ մը Հատեմ քեոյի և Չաթալճայի մեջտեղը գծեն դուրս ելնելով՝ գործավորներեն մեկը մեռեր է, երկուքը ծանրապես վիրավորվեր են և տասներկուքն ալ թեթև կերպով։

Փառք տալու ենք եղեր Աստուծո, որ այս վտանգը պստիկ վնասով մը անցեր է։ Չգիտենք, թե քանի՞ հողի մեռնել հարկ էր Աստուծո փառք չտալու համար։

Երկաթուղվո ընկերությունը ամեն բան կանոնավոր կերպով կարգադրեր է, միայն բան մը մոռցեր է, այս է ամեն կայարաններու քով մեյմեկ հիվանդանոց շինել, որովհետև ջոգեկառքեն ելնող ճամբորդները ճիշտ պատերազմեն դարձող զորականներու նմանիլ սկսան, մեջերնին մեռած ալ կը գտնվի կոր, վիրավորյալ ալ։


Լրագրի մը մեջ կը կարդանք, որ առջի օրը մարդուն մեկը Բերա Թարլապաշի փողոցեն անցած ատենը անզգուշությամբ ջրհորի մը մեջ կիյնա, ինչպես որ շատ անգամ ուրիշներն ալ ինկած են։

Կը խրատենք Բերա ելնողները, որ ոտվնուն տակը նային, որպեսզի հորի կամ փոսի մեջ չիյնան, կը խրատենք նաև, որ գլուխնուն վերևն ալ նային, որպեսզի վեր չիյնան, որովհետև վրանին ալ բաց է։ Մեկ աչքով գետինը նայելու է, մյուս աչքով ալ երկինքը։

Եթե վեր իյնալու վախ չունին նե՝ թող գլխիվայր քալեն և երկու աչքով միայն գետինը նային։

Դասատվաց ալ կը հայտնենք, որ առջևնին չնայող հանդուգն աշակերտները քանի մը շաբաթ Բերայի փողոցներուն մեջ քալեցունեն։


Սիրահարությունը այլ և այլ նշաններ ունի եղեր, որովք սիրահարյալք մտքերնին իրարու կը բացատրեն եղեր։ Օրինակի համար, երկու աչքը մեկեն գոցելը «Քեզի համար կը մեռնիմ» կը նշանակե