Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարթող Սուրին Մեղուի նախորդ թերթին մեջ Օրագրո դեմ գրածներուն ի՞նչ կըսես ընթերցող։

Ինձի գալով ես կը հավատամ, որովհետև այս աշխարհիս մեջ ճշմարտությունը оղիի բաժակին մեջ միայն կրցի գտնել, և Բարթողը կըսեր «Դու չէի՞ր ինձ ը սողը <Օգսեն> Քյուրքճի խանի գինետան մեջ թե...»։


— Մեղո՛ւ, թատրոն մը հիմնել կուզեմ, բայց ո՞ւր և ինչպե՞ս շինեմ նե աղեկ կըլլա։

— Գնա Մաղաքյանին հարցո՛ւր, բարեկամ, անիկա Արևելյան թատրոնը հիմնած ըլլալովս այս մասին կրնա քեզի պետք եղած տեղեկությունները տալ։

— Հապա անոր ըսածին անսալով թատրոն մը շինեմ չհավնիմ նե և փլցունել ուզեմ նե՝ ան ատեն ի՞նչ...

— Ան ատեն ալ էքշյանին կերթաս կը հարցունես։


Լրագրի մը մեջ կը կարդանք, որ ասկից յոթը տարի ետքը Շամպոր դուքսը վաթսուն տարեկան պիտի ըլլա եղեր։ Կայսերազուն իշխանը քսանհինգ, Օմալի դուքսը հիսուն և ութը, Մաքմահոնը յոթանասուն երկու և Թիերն ալ ութսուն երեք տարեկան պիտի ըլլա եղեր։

Ըսել է, որ այս մարդիկը հիմա տարիք չունին և ասկե յոթը տարի ետքը պիտի ունենան։

Աղեկ ա՛, այդ մարդոց հիմա քանի տարեկան ըսվեր նե՝ յոթը տարիե ետքը քանի տարեկան ըլլալիքնին մենք չէ՞ինք կրնար հասկնալ։

Արդյոք ասկից յոթը տարի առաջ քանի՞ տարեկան են եղեր այդ մարդիկը։


Պազեն մարաջախտը չէ կրցեր խեղճը ինքզինք արդարացնել և մահվան դատապարտվեր է։