Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց մեծ շնորհք մը կընեն կոր իրեն, շատ մեծ, թեպետ և գլուխը պիտի կտրեն եղեր, բայց ոչ իբրև մատնիչ, այլ իբր օրինաց անտեղյակ պիտի կտրեն եղեր։

Դեռ ի՞նչ կուզե Պազենը։

Վերջեն հասած հեռագրալուրը կիմացնեն, թե Պազենը դատող ատյանին նախագահը Մաքմահոնեն խնդրեր է, որ ներումն շնորհե Պազենին և թե կը հուսացվի, որ Պազենը ազատի։

Մենք ալ կը փափագինք, որ Պազենը ազատի, մեռցնել ի՞նչ ըսել է, թե որ Պազենը քաջությամբ կռվեր և պրուսիացոց հաղթեր նե՝ գաղղիացիք պիտի կրնայի՞ն անոր կյանքը երկնցնել, եթե չէ հակառակն ընելու համար ի՞նչ իրավունք ունին անոր կյանքը կարճեցունել...


— Ոստանիկ Տեր Մարգարյանցն ալ Մազասի բանտը գացեր է եղեր։

— Այո՛։

— Ինչո՞ւ։

— Ո՞վ գիտե, թերևս Բարիզի սովորությունը կը պահանջե, որ Կրինյոնի երկրագործական դպրոցեն ելնող աշակերտը Մաղասի բանտը մնան քիչ մը ատեն իրենց ուսման ընթացքը կատարելագործելու համար։

— Բանտը դպրո՞ց է։

— Ուսումնարան մէ, մյուս վարժարաններուն ամենն ալ նախակրթարան են։


Շիրքեթը Խայրիեի շոգենավներուն նավապետներեն ոմանք ցուրտեն կամ տաքեն չկրնալով երբեմն նավամատույցներուն մոտենալ բացը կը մնան կոր։

Ընկերությունը այս կետը նկատողության առնելով, որոշեր է ամեն նավամատույցներուն քով մեյմեկ շարժուն նավամատույցներ շինել տալու, որպեսզի շոգենավը մոտենալ չկրցած աաեննին այս նավամատույցները մոտենան շոգենավներուն։

Ճիշտ տաճկաց առածին պես՝ տաղ յուրյումեզ իսե ապտալ յուրյուսուն։