Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հինգշաբթի օրը ըստ լատինացվոց Հիսուս ծնած ըլլալով՝ պորսան չբացվեցավ։

Ուր էր թե Հիսուս ամեն օր ծնաներ ի գոհություն բյուրավոր ընտանյաց:


Ժամկոչյան էֆենտին հրաժարական տվեր է Քաղաքական ժողովո անդամակցութենեն, այդ պաշտոնը վարելու անկարող գտնվիլը հայտնելով։

Քվեարկությունը՝ կարող ես, կըսե, ինքը՝ անկարող եմ, կըսե։

Երկուքեն մեկը ստախոս է, բայց ո՛րն ըլլալը հայտնի չէ։


Լրագրի մը մեջ հետևյալը կարդացի.


ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

«Երեկ Ֆընտըքլըի կողմերը տան մը մեջեն կրակ պատահելով տանը ներքին կողմը հրո ճարակ եղավ»։

Եթե տանը արտաքին կողմը հրո ճարակ ըլլար՝ տարակույս չկար, որ այս լուրն ալ արտաքին լուր պիտի ըլլար։

Իմ փնտրածս այս չէ, իմ դրածս քերականական սխալ մէ։

Ներքին լուրեր դնել և տակը լուր մը միայն դնելը սխալ մէ. այս սխալը ուղղելու համար կամ այդ լուրին վրա լուր մ’ալ ավելցնելու է, կամ ներքին լուրերը ներքին լուր ընելու է։

Քերականական սխալներուն ուշ դնելու է։


Մայրտքաղաքիս մեջ հրատարակված լրագրաց սուտերը հերքելու համար՝ լրագրի մը պետքը անհրաժեշտ ըլլալ սկսավ։

Անցյալները լրագիրը հրատարակած էին, թե Օրթագեղեն հարուստ վաճառական մը քանի մը օրե ի վեր կորսվեր է։

Այս լուրին վրա շատ փնտրեցինք այդ կորսված վաճառականին ով ըլլալը գիանալու և չկրցինք գտնալ։