Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վարդովյանի վարչության վրայոք բան մը չե՞ք գրեր։

— Այնչափ գրած ենք, որ ա՛լ գրելու բան չէ մնացեր։

— Բայց Վարդովյանը թերություն չունի՞ ալ։

— Ունի։

— Ինչո՞ւ չեք հարվածեր։

— Որովհետև Վարդովյանի թերությանցը պարտավոր ենք թատրոնի մինչև հիմա շարունակվիլը։


Լրագրաց վրա դրոշմի տուրքը որոշվեր և քիչ օրեն գործադրվիլ պիտի սկսի եղեր։

Ամեն մեկ թերթին երկու փարա պիտի առնվի եղեր։

Խմբագիրք աշխատելու են քիչ լրագիր ծախել, որպեսզի տուրքեն վաստկին։

Արդեն խմբագրաց մեծ մասը աս տուրքեն ազատ են։


Պերլինեն հասած լուրերը միշտ կայսեր հիվանդության վրա կը խոսին։

«Կայսրը այսօր աղեկ է»։

«Կայսրը այսօր աղեկ չէ»։

Ահա ասոնք են հասած լուրերը։ Կայսրը օր մը կաղեկնա կոր, օր մը կը ծանրանա կոր։

Վերջին հեռագիրը «Աղեկ չէ» կըսե կոր. գալիք հեռագիրը «Աղեկ է» պիտի ըսե հարկավ։

Րեոթերի աժանսը առանց կայսրության հիվանդության վիճակը լավ մը սորվելու, թող օր մը ասանկ, օր մը անանկ լուր տա մեզի, բավական է, որ կարգր չշփոթե։

Անցյալ շաբթու կայսրը աթոռով մեկ սենյակեն մյուս սենյակը փոխադրվեր է եղեր։

Ասանկ պարագայի մեջ փոխադրվողը կայսրը չէ, այլ կայսրությունը։