Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասանկ երթա նե՝ քիչ օրեն գալիք հեռագրալուրք պիտի ըսեն. «Պորսան այսօր անձրևոտ է, մառախլապատ է»։

Քիչ մալ ասանկ շարունակելեն ետքը՝ օր մալ պիտի լսենք, որ Վիեննայի պորսային մեջ կարկուտ է եկեր...


— Ինչո՞ւ տարիները այսչափ շուտ կանցնին, կարծես թե դեռ առջի օրը մտած ենք 1873 տարվույն մեջ։

— Ձմեռվան այս կարճ օրերուն մեջ ի՞նչ կուզեիր, որ ըլլար։


— Եկուր մեյ մեկ հատ ալ խմենք։

— Իավական է ալ։

— Չէ՛, չէ՛, յոթը հատ խմելու է այսօր։

— Ինչո՞ւ, թետպի՞ր սորվելու համար։

— Չէ՛, այսօր կաղանդ է, օխթը րախըյին օրն է։

— Չըսե՞ս, որ ինձի երեկ ալ կաղանդ է եղեր։


Քանի մը ատենե ի վեր գրեթե ամեն գիշեր գողության դեպքեր պատահելուն պատճառավ՝ ամեն մարդ սկսավ մեծ զգուշություններ ընել, բոլոր գիշեր հսկել և տանը դռները ամրապես գոցել։

Հասարակության ընելիքն ալ աս էր, որովհետև երբ մեկը չուզեր, որ իրեն բերնեն լեղի և կամ անախորժ բան մը մտնե՝ բերանը կը գոցե։ Դուռն ալ տան մը բերանը ըլլալով՝ աղեկ մը գոցե դուռը։

Գողերն աս իմանալով հիմա ալ սկսեր են պատուհաններեն ներս մտնել և մեզի սա անհավատալի ճշմարտությունը սորվեցնել, թե մարդս իրեն չուզած մեկ բանը չուտելու համար ոչ միայն բերանը, այլ և աչքերն ալ գոցելու է (աչքերը տան մը պատուհաններուն նմանցնելով)։

— Ի՞նչ կըսեք, աչքեն ուտելիք կը մտնե՞ ներսը։

Պատուհանեն գող կը մտնե տե՝ աչքեն ինչո՞ւ համար ուտելիք չպիտի մտնե։