Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պիտի փլցունիմ, ատաղձը պիտի ծախեմ, ստակ պիտի ընեմ։

— Բայց տունը իմս է։

— Ինձի վարձու տված չե՞ս մի, քուկին խոսքդ վարձքին կանցնի, ստակ վճարած չե՞մ մի։

— Ատ ի՞նչ ըսել է։

— Ի՞նչ ըսել պիտի ըլլա, պարոն Մաղաքյանը ազգային կալված մը թատրոն պիտի ընեմ ըսելով կը վարձե ու հիմա Րումելիի պալոին պես պալո մը կը շինե տե՝ ես քու տունդ չե՞մ կրնար փլցունել։

— Խելքս չհասնիր ատոր։

— Խելքդ չհասնիր նե՝ գնա՛ Մաղաքյանին փաստաբանեն սորվե։


Կիրակի օրը Գատը գյուղ տուն մը բռնկեցավ սոպայեն:

Քանի քանի տուներ այս սոպային պատճառավ հրո ճարակ եղեր են, և տակավին պետք եղած զգուշությունները ձեռք չենք առներ։

Ըստ մեզ, եթե այս սոպաներթ տան մեջ բաց տեղ մը, այսինքն, պարտեզի մեջ դրվեին, շատ մը տուներ անոր զոհ չէին երթար։ Բայց որո՞ւ կ՛ըսես, ասանկ առաջարկություն մը ընես նե՝ ամենքը կը խնդան վրադ․․․


Օրագիր գինը քսան փարայի բարձրացնելով՝ գիրերը պզտիկցունել խոստացեր էր։ Առաջինը ըրավ, բայց երկրորդը տակավին չըրավ։ Գիրերը պզտիկցնելու տեղ գլխուն գիրերը մեծցուց թշվառականը, որ մյուս գիրերը անոր քով պզտիկ երևան։


— Ինձի չնայի՞ս, վարպե՛տ այս սանդուխը շատ նեղ է, լայնցուր քիչ մը։

— Տեղ չկա, տղաս, ինչպե՞ս լայնցունեմ։