Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իզմիրի կուսակալը Վարչության հետ գար թոփու կը խաղա կոր կարծես։

Այս գար թոփուն Եդեսյանն է, Իզմիրի կուսակալը զայն մեր Վարչության կռնակը զարկավ. իզմիրցիք ալ կսպասեն, որ Վարչությունը զայն... զայն զայն... Արշալայսին գլխուն իջեցունե։


Սա Մամուլն ալ բոլոր յուր դեմը ելլողները կը փախցունե կոր․․․

Այս օրերս Օրագրեն ալ ապտակ մը կերած ըլլալով իր վերջին թվույն մեջ Օրագիրը փախավ ըսեր է։

Ուսկից որ ապտակ կուտե կոր նե՝ զայն փախցուցած կը կարծե կոր խեղճը․․․ ինք կըսե թե Օրագիրը փախուցի, Մեղուն փախացի, մինչդեռ ինքը փախուցեր է։

Հրապարակի վրա ասանկ խայտառակ լրագրի մը գոյությունը միշտ պետք է։

Այս ըսելեն ետքը Կրոնական ժողովեն կը խնդրենք, որ բոլոր եկեղեցիներուն շրջաբերական ղրկե պատվիրելով, որ դպիրք «Տէր ողորմեայի» մեջ «Ազգիս միություն» և «Հիւանդաց բժշկութիւն» ըսելեն ետքը «Այվազին զգաստություն» ալ ըսեն, որովհետև Այվազն զգաստացնելու համար ասկե ուրիշ միջոց չմնաց։


— Այս իրիկուն ալ ածուխ չբերի՞ր։

— Չբերի՛, կնիկ։

— Ի՞նչ պիտի ընենք ասանկ։

— Ի՞նչ կա։

— Տղաքները ցուրտ են պիտի սառին։

— Ինչո՞ւ։

— Կը մսին կոր։

— Կը մսի՞ն կոր մի, ատ խոսքը մըներ, գլուխս փորձանքի կը հանդիպցունես, կնի՛կ։

— Ինչո՞ւ։

— Չլսեցի՞ր, որ կառավարությունը այս տարի խստիվ արգիլեց մսիլը. արգելքին դեմ գալով՝ ապստամբությո՞ւն պիտի հանենք։