Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այսինքն մեր հիվանդությամբը անոր դեղարանը քաջալերենք:

— Այո՛։

— Քաղաքավարական ձևերն ու խոսքերն ժասանակով չափ մը ունեին, հիմա անոնք ալ իրենց չափը կորսնցուցին։


— Արևելյան թատրոն պիտի երթա՞ս։

— Կը խորհիմ կոր:

— Քաջն Վարդան պիտի ներկայացնեն եղեր, անկից ետք ալ հասարակության դյուրություն մը ըլլալու համար պարահանդես պիտի տրվի եղեր։

— Պարահանդեսները հասարակության դյուրությո՞ւն կուտան եղեր։

— Մինչև հիմա չէին տար, բայց ասկից վերջը պիտի տան, Արևելյան թատրոնի, այսինքն Ալքազաբի վարչությունը այդպես որոշեր է...

— Ես կը խորհիմ քիչ մը ընտանիքս առնելու և Ալքազարի պարոն երթալու...

Արդյոք քաջն Վարդան մեռնելեն վերջը պալո՞ տվավ...


— Բարեկամ, ինձի հարյուր ղուրուշ փոխ կուտա՞ս։

— Կուտամ, բայց պայմանով մը։

— Ի՞նչ պայմանով։

— Հաշիվներդ կը նայիմ, և թե որ գոհացուցիչ տեսնեմ նե՝ կուտամ։

— Անմի՛տ, հաշիվներս գոհացուցիչ ըլլային նե՝ քեզմե փոխ ստա՞կ կ՝ուզեի...


— Բարեկենդանը ինչպե՞ս կ՝անցունեք կոր։

— Այնչափ կը խմենք կոր, որ ինչպես անցնիլը չենք կրնար կոր իմանալ։

— Շատ խմելը վնասակար չէ՞։