Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լրագիրք հրատարակեցին, թե ոստիկանության պաշտոնեությունը շրջաբերականավ պատվիրեր է ոստիկանաց, որ հանցավոր մը բռնած կամ տարած ատեննին զայն չծեծեն։

Երեկ Պալըք պազարի փողոցը ոստիկան մը սախային մեկը տեղ մը տանիլ կհուզեր և երբ ասիկա քիչ մը ընդդիմացավ՝ ոստիկանն ապտակ մը իջեցուց իրեն։

Այս տեսարանին առջև մտքերնես ըսինք, որ այս ոստիկանը շրջաբերականը չէ կարդացած տակավին, բայց չկրցինք հասկնալ, թե այս շրջաբերականեն առաջ կա՞ր անանկ շրջաբերական մը, որ պատվիրե, թե ոստիկանը մեկը տարած ատեննին ծեծելով տանելու են։


Խնայողական ընկերության անդամներեն մեկ քանին՝ որոնք քանի մօր առաջ տված ստակնին կուզեին և այս պատճառավ ընկերության տնօրենն ու երաշխավորները ոստիկանության հանձներ էին, Օրագրո մեջ նամակավ մը կը հայտնեն՝ որ ընկերութենեն առնելիքնին առած են։

Տնօրենն ասոնց ստակը տալով մնացած մյուս անդամոց գեշ օրինակ տվավ. ասոնք ալ հիմա ոստիկանության պիտի դիմեն առնելիքնին առնելու համար։

Տնօրենն կամ և ոչ մեկուն ստակ տալու էր, և կամ ամենուն ալ տալու էր։

Այս մասին Ֆրանքլինի կարծիքն ի՞նչ է արդյոք։


Առջի օրը աղքատ մարդուն մեկը հինգ փարա տալովս կամուրջեն անցնիր ուզած ատենը կամուրջին գլուխր կայնող և ստակ առնողներեն մեկը խեղճին օձիքեն կը քաշե ու կըսե։

— Ո՞ւր կերթաս կոր։

— Սամաթիա կերթամ կոր։

— Աստվածդ ի՞նչ է։

— Հինգ փարա։

— Տասը փարա պիտի տաս։