Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս թերթին մեջ կը կարդանք, որ ամսույս 6-ին սուրբ ծննդյան օրը կռիվ մը չէ պատահեր։ Ո՞ւր։ Խելքով գտիր։

Այս ամսույն 6-ին ծնունդ չկար, որ կռիվ ըլլար։ Արդյոք Օրագրո Հիսուսը այս տարի փետրվար 6-ի՞ն ծնավ, և կամ Երուսաղեմի կլիման մայրաքաղաքիս կլիմայեն տարբեր՛ ըլլալուն համար մենք հունվար ամսույն մտած ատեննիս՝ անոնք փետրվարի՞ն կը մտնեն կոր։

Օրագիր այս լուրեն առաջ հետևյալ լուրը տված է. «Շիրքեթի Խայրիեի շոգենավներեն մին առջի օրը ճամբան կորսնցուցեր է և այլն»։

Երուսաղեմի մե՞ջ ալ սկսեր է արդյոք Շիրքեթի Խայրիեի շոգենավները բանիլ, որովհետև այս լուրերուն տակը Սիոն դրված է։

Եթե Օրագիր յուր լուրերը որ լրագիրներեն կ՝առնե կոր նե անոնց անուններր դնելու ըլլար նե՝ իր ընթերցողները մարգարե չէր ըներ։


Ամեն թատերասեր ազգայինք գիտեն, որ մեր հայերեն ողբերգությանդ մեջ հրեշտակ մը և ոգի մը կա։

Աս լմնցավ։

Երեկ գիշեր երազիս մեջ կը տեսնեի, որ Աստված մեկուն հոգին առնելու համար հրեշտ՛ակ մը կուզեր։ Հրեշտակ չունինք, պատասխանեց հրեշտակապետը, ամենն ալ հայոց ողբերգությանց մեջն են։ Արթնցա և ըսի․

«Անշուշտ հայ ողբերգությանց հոգին առնելու համար»...

Մեր ողբերգակները՝ որպեսզի ըսվի թե այս խաղին մեջ ոգի կա, ոգի մը կը դնեն կոր իրենց ողբերգությանդ մեջ։ Ինչ օգուտ, որ, հրեշտակ մ՝ալ կը դնեն կոր և հրեշտակը խաղին ոգին կառնե կերթա կոր.․․


Մանզումե մոտայի թերթ մը հրատարակած ըլլալով՝ սա դիտողությունը կ՝ընե. «Մենք ընտանիքները ոչ թե շռայլության՝ այլ տնտեսագիտության պիտի վարժեցունենք մեր թերթով»։

Մոտայի թերթ հանել և ըսել, թե տնտեսագիտության պիտի վարժեցնեմ՝ կը նմանի ըսել, թե ոտքը քար մը պիտի կապեմ, ծովը պիտի նետեմ ու ջուրին երեսը մնալ պիտի սորվեցունեմ։