Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունեցած ըլլալուն վրա գեղեցիկ ատենաբանություն մը պատրաստեր է։

Սկյուտարու Բանասիրաց ընկերության զբոսատեղվույն մեջ պարոն Հ․ Համբարձումյան Մանղումեի ու Մասիսի խմբագրաց գլուխներուն մեծությամբ դդում հասցնելու եղանակին վրա պիտի ատենաբանե։

Ֆեների Ազգասիրաց ակումբին մեջ պարոն Տիմիթրիոս տակառին հոգևոր ու մարմնավոր հատկությանցը վրա պիտի խոսի։

Մեղու կզակի զորություն կը մաղթե քաղաքակրթության այս առաքյալներուն և ունկնդրաց ալ ականջի ամրություն։


Ի՞նչ տարբերություն կա Նաբոլեոն Երրորդի ու Օգսեն Խոճասարյանի մեջ։

— Առաջինը յուր սուրը հանձնեց թշնամվույն հաղթվելով, երկրորդը յուր գրիչը հանձնեց հաշտվելով։


Օրագրո, Մասիսի, Մանզումեի խմբագիրները անբարշտության երրորդություն մը կազմեր են կարծես։

Կերևա թե կրոնական ջերմեռանդ երկյուղածությունը քանի որ ժողովրդյան քովեն կը փախչի, այս խմբագրաց քով ապաստան կը գտնե։

Այս պարոնները Աստուծո անունը իրենց թերթերուն մեջ հեղհեղելե չեն դադրիր։ Երեքն ալ շատ առիթներու մեջ մեր եկեղեցվո հնավանդ սովորությանը նախանձախնդիր ցույց կուտան ինքզինքնին, այնչափ աստվածապաշտ են, որ շատեր կը կարծեն, թե ասոնք ամեն օր եկեղեցի կերթան, եկեղեցվո պատերը կը համբուրեն ու Նևտոնի պես Աստուծո անունը լսած ատեննին գլուխնին բանալով երկրպագություն կընեն, մինչև անգամ փողոցին մեջ:

Սակայն դժբախտաբար իրոք այնպես չէ։

Օրագիր՝ այնչափ Հայաստանյայց եկեղեցվո հնավանդ սովորությանց հարած է, որ կղերականաց ամուսնություն կը քարոզե:

Մասիս՛ այնչափ ջերմեռանդ ու մեր եկեղեցվույն հարազատ զավակ է, որ Ընդհանուր ժողովս մեջ ի ներկայության սրբազան