Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անոր համար, որ սևին վրա ճերմակը աղեկ կը վայլե:


— Ի՞նչ է քվեարկությունը։

— «Հավասարություն» անվան տակ միապետ մը, որ տգետ ժողովրդյան մը մեջ համոզելով ուզածը կընե, լուսավորյալ ժողովրդյան մեջ ալ ստակով։ Մեկ մարդուն ընելիքը շատ մը մարդոց ձեռքով ընել տալուն համար հավասարություն անունը առած է։

Քեարկությունը երբեմն մեր ազգին մեջ ճիշտ բիանքոին կը նմանի, հարուստին ալ կելնե, աղքատին ալ, տգետին ալ կելնե, գիտունին ալ։ Ասոր համար է, որ կըսեն, թե այս ինչ մարդը աղքատ էր և բիանքոյով հարստացավ, ասոր համար է, որ ես ալ ընտրության մը համար ըսի, թե այս ինչ մարդը տգետ էր և թիանքոյով գիտուն եղավ։


— Ի՞նչ է շոգեկառքը։

— Անանկ կառք մը, որուն առաջևեն ալ ետևեն ալ ձի կը լծին շուտ երթալու համար։


— Ի՞նչ է անձրևանոցը։

— Կլոր կամուրջ մը, զոր մարդիկ գլուխնուն վերևը կը բռնին, գլուխնին ջուրին չդպչելու համար։


— Ի՞նչ է հաշտությունը։

— Նորեն կռվելու համար երկու հոգիի մեջտեղը եղած դաշնադրություն մը։


— Ի՞նչ է կնիկ մը առնել ուզելը։

— Սատանային հանձնարարական նամակին հավատք ընծայել։


— Ի՞նչ է նախանձոտ մարդը։

— Համբակ գող մը, որ միշտ կուզե գողնաչ և չկրնալ գողնալ: