Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րանկա կատակերգության, թարգմանիչ Պոսյուեի, և քարոզիչ Իզմիր, Պեշիքթաշ միացյալ թաղից։

Ի Զմյուռնիա.
յԱռաջնորդարան Հայոց

Հ. Գ. Հոն չգտնվիմ նե՝ Պեշիքթաշ։
Հ. Գ. Հոն ալ չգտնվիմ նե՝ Բերա։
Հ. Գ. Հոն ալ չգտնվիմ նե՝ Բարիզ։

ՓՈՔՐԱՎՈՐ․ Շատ աղեկ, երթալնիքեն այս հասցեին համար հատուկ անվլոբներ շինել կուտամ, անոնք ալ նամակներով մեկտեղ փոսթան կը ձգեմ։ (Կերթա)։


ՎԱՐԱԳՈՒՅՐ Բ

(Տեսարանն է Խորեն եպիսկոպոսի խորհելու սենյակը)

ԽՈՐԵՆ․ Զարմանալի բան.․․ ամեն կողմե զիս կհուզեն... Ռոտոսթոեն, Իզմիրեն զիս առաջնորդ կընտրեն. Ռոտոսթո չգացի. Իզմիր երթա՞մ մի, չէ նե չերթամ.․. երթա՜մ երթա՜մ.․. բայց հոն վարպետ դերձակ մը պիտի կրնա՞մ գտնել, ահա այս կետն է, որ զիս կը շվարեցնե։ Սա ալ կա, որ Իզմիրցիք պիտի կրնա՞ն զիս երջանիկ ընել. այս կետը մութ է. չէ, ըլլար, չերթամ... երթամ նե ի՞նչ կըլլա ...չերթամ նե՝ ինչ կ՛ըլլա․․․ զիս առաջնորդ կուզեն եղեր, ես ալ ինձի առաջնորդ մը կուզեմ, դյուրի՞ն է առաջնորդ մը գտնելը... ոչ, ոչ, չեմ երթար... չէ՜, չէ՜, երթամ, չերթամ նե՝ լրագրաց բերանը կիյնամ ...երթամ նե՝ Իզմիրցոց բերանը կիյնամ, վերջեն Պեշիքթաշն ալ ձեռքե կը փախցնեմ։ Չէ, որոշեցի որ չերթամ (Քիչ մը խորհելով) չէ, որոշեցի որ երթամ. բայց Պեշիքթաշեն ի՞նչպես բաժնվիմ, ո՜վ իմ երջանիկ վայրկյաններս (դառնապես կուլա) այո՛, դեռ երիտասարդ եմ ես... (Կը ցնորի) ի՜նչ կըլլա եղեր... չեմ երթար, (Կերազե) Պատրիարքը վար պիտի առնեն եղեր, պելքի ես կըլլամ Պատրիարք (Կսթափի), ո՞ւր եմ ես (Մուսայք կանցնին փողոցեն), ո՛հ, չեմ երթար, չեմ երթար, չեմ երթար, երիցս չեմ երթար. Իզմիրն ալ գետնին տակը անցնի, իզմիրցիներն ալ (Որոտում, կայծակ, Իզմիրի վրա), զիս բաժնել կուզեն, չեմ ուզե՛ր բաժնվիլ (Նվաղյալ գետինը կիյնա, այս միջոցին հրավիրակները ներս կը մտնեն)։


ՎԱՐԱԳՈՒՅՐ Գ

(Տեսարանն է Խորեն եպիսկոպոսի որոշում տալու սենյակը)


ԽՈՐԵՆ ԵՎ ՀՐԱՎԻՐԱԿՔ

ՀՐԱՎԻՐԱԿՔ. Արդյոք մեր ներկայությո՞ւնն է, որ ձեր սրբազնությունը շփոթեց։