Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կաղաչենք ու թախանձանոք կը խնդրենք, որ Ասիան ամեն օր, առավոտ երեկոյ, գիշեր ցերեկ, վերջապես, եթե կարելի է ժամը անգամ մը հրատարակեն, ո՜հ այն ատեն, և այն ատեն միայն մեր ազգը երջանկության երես պիտի տեսնա։


Սակայն դժբախտություն մը ունինք, որ ամեն գրածնիս կատակ կը կարծվի, իրավ է, որ մեր արհեստը ընդհանրապես մարդ ծաղրել է, սակայն, շատ անգամ արժանավոր գովեստներ, լուրջ բաներ ալ կը հրատարակենք, վկա՝ մեր Բանասիրականը, կը վախնանք, որ չըլլա թե մեր պաշտոնին վրա սխալ գաղափար մը ունենա հասարակությունը, և ինչպես ստախոս հռշակյալներուն ճշմարիտ խոսքերուն անգամ հավատացող չըլլար, այնպես ալ մեր խոսքերը միշտ ծաղր ըմբռնվին։

Մենք շատ անգամ Ասիային և ուրիշ թերթերու ապտակներ պիտի իջեցնենք, բայց չըլլա որ մեկեն ի մեկ խրտչին ու զարհուրին, մեր ապտակները սրբազան Պատրիարքին իջեցուցած ապտակներուն նման թեթև են ու սիրտ չեն կսկծցներ, զի լուծն մեր քաղցր է և բեռն մեր փոքրոգի։


Ընդհանուր ժողովը ինչո՞ւ նիստ չըներ։

— Ի՛նչ ընե խեղճը, նստելով ու նստելով քունը կուգա կոր, ծուլության կը վարժվի կոր, թող քիչ մալ ոտքի վրա կենա ու չորս կողմը նայի։


Արժանահավատ աղբյուրե մը լսելով կը ծանուցանենք, թե Մասիսի խմբագիրը յուր ուղեղին այցելեն վախնալով սիկութայի գրեր է զայն, Ութուճյանի այս որոշումը կը ծափահարենք և կը հուսանք, թե բոլոր ուղեղի հիվանդություն ունեցողները յուր օրինակին կը հետևին։