Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ամեն շաբաթ իրենց անանկ թերթեր կը ղրկենք, որոնց մեջ վիճաբանութենե ուրիշ բան չկա»։

Ի՞նչ ընելու էինք, ո՜վ Փունջ, լրագրաց մեջ վիճաբանութենեն զատ քանի մը օխա ալ հաց դնելու ու այնպե՞ս ղրկելու էինք։

Այդ լրագրաց մեջ վիճաբանության տեղ խաղաղության և սիրո վրայոք դրված հոդվածներ ըլլային նե՝ գավառացիք նույն թերթերը հացագործին ներկայացնելով պիտի կրնայի՞ն աժան գնով հաց առնել։

Եթե մեր հարուստներն իրենց մեջ ստակ հավաքեին ու սովատանջ գավառոց ղրկեին նե՝ լրագրաց մեջ գտնված վիճաբանությունները կրնա յի՞ն գավառացոց հաց ճարելուն արգելք ըլլալ․..։


Պարոն Ամրիկյանը, որ չորս ամիսե ի վեր Թիֆլիզեն ճամբա ելած էր մայրաքաղաքս գալու և քանի մը ներկայացումներ տալու համար, առջի օրը մայրաքաղաքս հասավ (Օրագրո մեջ), այս գիշեր Արևելյան թատրոնին մեջ Շիլլերի՝ «Ավազակք» թատրերգությունը պիտի ներկայացունե։

Բերայի թաղապետությունը հարկավ բավական չավուշներ ըսպասել պիտի տա թատրոնին դուռը՝

— Ինչո՞ւ։

— Որչափ ըլլա նե՝ ավազակ է, կը վախցվի, կրնա ըլլալ, որ թատրերգության վրա հարձակի և զայն մեռցունե։

Մշակը կըսե, թե պարոն Ամրիկյանը կը կողոպտե, բայց չմեռցուներ։

Մենք ալ կը փափագինք, որ այսպես ըլլա և հաջորդ թիվերնուս մեջ արյունհեղության լուր մը տալու դժբախտությունը չունենանք։


Այս օրերս պատերուն վրա «Երեսուն և վեց գլխով մարդ»-ու մը մայրաքաղաքս եկած ըլլալը կը ծանուցվի։

Այս մարդը այլ և այլ անձանց գլուխները կը ձևացնե եղեր իր գլխուն վրա. օրինակի համար Րոշֆորի գլուխը ձևացուցած ատեն հանդիսականը բուն իսկ Րոշֆորը տեսնել կը կարծեն եղեր։

Կը փափագեի, որ այս մարդը գոնե անդամ մալ հայոց Րոշֆորին, պարոն Պեկյանին գլուխը ձևացներ։