Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երիտասարդաց ոմանց անգործությունը գործերու նվազության կուտայինք մինչև հիմա, ո՞րու մտքեն կանցներ, որ քաղաքի մը մեջ գործերը շատցունելու համար Ծանուցում անունով լրագիր մը հրատարակելու է։ Այս լրագրեն մեյմեկ հատ ալ գավառաց մեջ հրատարակվի նե՝ գեշ ըլլար, որովհետև անտեղվանքն ալ գործ չկա։

Տուն ծախելու մասին ալ դյուրություն կա հիմա։ Աժան ծանուցումը րլլալեն ետքը տուն չծախելը հիմարություն է։

Բայց, թե բոլոր տուները ծախվին նե և ամեն մարդ գործ գտնա նե՝ այս լրագիրը ի՞նչ պիտի ընե։

Մենք իրեն հարատևություն բարեմաղթելու համար կը փափագինք, որ պարապ պտըտողները գործ չգտնեն ու տուն ունեցողներն ալ տուներնին չծախեն։


Օրագիր կըսե.

Որ սնտուկն որ շատ պարտք ունի, շատ վարկ ունի։

Ինչո՞ւ ուրեմն սնանկացյալ սնտուկները վարկ չունին. ի՞նչ անիրավություն է սա։


Անկրթություն մը...

Գողերեն շատերը բան գողնալու համար անոր ասոր տունը գիշեր ատեն մտած ատեննին քնացողները քուներնեն կարթնցնեն կոր։

Չկա անկրթություն մոր զիս այնչափ բարկացունե որչափ որ քունեն արթնցնելու անկրթությունը. եթե պաշտոնյա մը ըլլայի կապսպրեի, կը հրամայեի գողերուն, որ մեկու մը տունը մտած ատեննին քիչ մը կամաց քալեն, որ քնացողները չարթննան։


Հայտար փաշայեն Իզնիմիտ երթևեկող շոգեկառքերուն տնօրենությունը ճամբորդները բեռ դրվելիք կառքերուն մեջ կը գնեն եղեր։

Ճամբորդներն ալ խոհեմությունը ձեռք առնելով՝ մեյմեկ կողովի մեջ մտնելով՝ վրանին ալ կարել տալու են և կայարանին մեջ ինքզինքնին կշռել տալով՝ այնպես մտնելու են կառքերուն մեջ։

Կարծենք քեռին հարյուր օխային քսան ղուրուշ կխառնեն, և այս հաշվով երկուքուկես մարդ քսան ղուրուշով կրնա ճամբորդել։