Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մատթեոս վարդապետ Իզմիրլյանը տղա մէ։

Դպրոց երթալ չուզող տղաքներուն ընդհանրապես շաքար կուտան, որ անով խաբվին և դպրոց երթան։

Մատթեոս վարդապետն ալ, որ հարկավ ժամանակավ տղա եղած է հիմակվան պես, չուզեր իր վիճակը դառնալ:

Պատրիարքը կըսե իրեն։

— Տղաս, ինչո՞ւ վիճակդ չես երթար։

Մատթեոսը կը պատասխանե։

— Մինչև որ եպիսկոպոսություն չտաք չեմ երթար։

— Տղաս, հիմա գնա տե, վերջեն եպիսկոպոսություն մը կառնենք կուտանք քեզի։

— Ես եպիսկոպոսություն կուզեմ և հիմա կհուզեմ։

— Հիմա չունինք։

— Չունիք նե Մամբրեեն առեք տվեք, ես եպիսկոպոսություն կուզեմ։

Պատրիարքարանը այս տղան համոզելու կաշխատի եղեր։


Հայկաբանության դասատու մը պետք է մեր Կրոնական ժողովին։

Այս ժողովն որոշմանը մեկուն մեջ «Հայաստանյայց եկեղեցվո և կաթողիկե եկեղեցվո» ըսած է։

Այս ըսվածքեն կը հետևի, որ այն եկեղեցին, որ Հայաստանյայց եկեղեցի է, կաթողիկե եկեղեցի չէ, և այն, որ կաթողիկե է, Հայաստանյայց եկեղեցի չէ։

Եթե Հայաստանյայց և կաթողիկե բառերն մեկ եկեղեցիին կը վերաբերին, ինչո՞ւ համար եկեղեցի բառը կրկնված է։

Մեծ տարբերություն կա «առաքինի և պարկեշտ մարդ» և «արաքինի մարդ և պարկեշտ մարդ»-ուն մեջ։

Առաջնույն մեջ մեկ մարդուն թե առաքինի և թե պարկեշտ ըլլալը կը հասկցվի, մինչդեռ երկրորդին մեջ մեկ մարդուն առաքինի և ուրիշ մարդու մը պարկեշտ ըլլալը կը հասկցվի։

Կրոնական ժողովո ատենապետն այս կանոնները շատ աղեկ գիտեր, ինչպե՞ս կըլլա, որ Ներսես սրբազանին պատրիարքության օրով կը մոռնա։