Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրագիր իր պատվավոր կոչած հաշտութենեն ի՞նչ շահեցավ։

Աստված հաշտությունը կը սիրե, քրիստոնեությունը այս կը պատվիրե ըսելով, երկինքը շահեցավ ու երկիրը կորսնցուց։


— Մարտիրոս աղա, լսեցի, որ անցյալ շաբթու ամուսնացեր ես, կինդ քանի՞ տարեկան է։

— Նշանված ատենն քսան և մեկ տարեկան է ըսեր էր մայրը, երեկ իր պզտիկ եղբայրը տեսա, որ քառսունը անցած ծերուկ մէր։


Ուրբաթ գիշեր Վարդովյան էֆենտին քաջալերելու համար Կետիկ փաշայի Օսմանիե թատրոնը գացինք։

Բարիս ֆուգարասը անուն գեղեցիկ խաղը ներկայացուցին և հավնեցնելեն դժվար բան չիկա։

Այս գովեստս չըլլա որ կատակ կարծվի․ մենք կատակե բնավ չենք ախորժիր, այո՛, խիստ ընտիր ներկայացում մ՝էր այն, որու կը վկայեն հազարի չափ հանդիսականներ։

Բայց վախնալով, որ չըլլա թե մեր այս խոստովանությունը շողոքորթութենե հառաջ եկած կարծվի և մյուս կողմանե Վարդովյան էֆենտիի դեմ ոխ ունենալնուս համար մեր դիտած հետևյալ մեկ քանի պակասությունները պետք է անպատճառ հրատարակենք։

Օսմանիեի տնօրենությունը ուրիշ շատ արվեստավորներու նման տեսանք, որ հասարակությունը խաբել կ՝ուզե։ Ի՞նչ ըսել է թուղթի կտորվանքները թատերաբեմին բարձրեն վար ձգել ու իբր ձյուն կլլեցնել։ Տղա խաբելու ելեր են։ Ո՜հ ասի չենք կրնար ընդունիլ, ասի հասարակությունը ծաղրել է, ասի ոճիր մէ տասնևիններորդ դարուն մեջ, որուն դեմ կը բողոքն Մեղու եթե բերանն անգամ կարեն։

Սիրելի է մեզ հավատալ, որ անոնք թղթի կտորվանքներ չէին, այլ իրոք ձյուն էին, սակայն ինչո՞ւ համար վարագույրը քաշվելեն