Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասոնց տուներն քսվե քով ըլլալով մեկ ջրհորե չուր կը քաշեին։ Ասոնց մին ուրիշ տեղ տուն վարձելով, առջի տունեն ելած միջոցին ջրհորին դույլն ալ հետը կուզե տանիլ։ Մյուսը թող չտար, դույլը իմս է, ըսելով։ Կռիվն այնչափ կը մեծնա, որ փողոցեն անցնող մարդ մը կստիպվի խնդրույն միջամտել։

— Ինչո՞ւ կը կվիք կոր, տիկիններ, ամոթ չէ՞։

— Դույլս պիտի տանիմ, թույլ չտար կոր։

— Թույլ չեմ տար, դույլն իմս է։

Այս մարդը, որ Աստվածաշունչին մեջ Աողոմոն իմաստունի առջև ներկայացված երկու կանանց դատը կարդացած էր, ես հիմա դույլին բուն տերը կը գտնամ ըսելով հրաման ըրավ, որ կացին մը բերեն։

Կացինը բերին։

— Պառկեցուցե՛ք սա դույլը ու մեջտեղեն կտրեցե՛ք։

— Քա ինչո՞ւ պիտի կտրել տամ եղեր, խե՞նդ եմ։

— Ես ալ թող չեմ տար, որ կտրվի։

— Զարմանալի՛ բան, Սողոմոնն ալ ասանկ ըրած ու հաջողած էր, մենք ինչո՞ւ չհաջողեցանք։ Չէ, մի՛ ըսե՛ք, տիկիններ, թող տվեք, որ մեջտեղեն կտրել տամ սա դույլը։

— Զա խե՞նդ եմ, որ դույլս կոտրեմ։

— Զահեր ես թող կուտամ, որ դույլս կոտրվի, դեռ անցյալ շաբթու մերամեթ ընել տվի։

— Եվ որովհետև երկուքնիդ ալ թող չեք տար, որ կտրվի, ապա ուրեմն ըստ Սողոմոնի դույլը երկուքնուդ ալ է։

Քանի քանի երեսփոխաններ խնդրույն բնությունը չհասկնալով՝ Եվրոպան ալ ասանկ կ՝ընե, կը պոռան ու ծիծաղաշարժ կ՝ըլլան։


— Ինչո՞ւ այնչափ անխնա կը ծեծես կոր տղան։

— Թո՛ղ կրթվի, իրեն հազար անգամ ըսի, որ բազմության մեջ չմտնա, անիկա իմ խոսքս մտիկ չընելով Պաղլար Պաշին գացեր, բազմության մեջ մտեր, կորսվեր է, ու հիմա բարեկամներես մեկն առավ, բերավ։

— Բավական է, ալ մի՛ ծեծեր․

— Ծեծեմ, որ միտքը մնա, մեյ մ՝ալ չընե, էֆենտիմ, անցյալները Պաղլար Պաշի տղա մը կորսվեցավ ու չգտնվեցավ, չար մարդիկ շատ կան, զգուշանալու է, վերջապես մարդոցմե կը վախնամ ես։