Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարդալեն լմնցնելեն ետքը, մարդն ինքնիրեն ըսավ.

— Ճիշտ մեր մսավաճառին պես «փարամը իսթերիմ, պեքլեմեմ, պեքլեմեմ» են ուրիշ բան չգիտեր կոր։

Ազգային ամեն լրագիրներն կարդացող վաճառական մը խումաշներուն տեսակն որոշելու համար ազգային լրագրաց անուններն կը գործածե եղեր։

Օրինակի համար, եթե երթաս իրեն ըսես, որ ինձի խումաշ մը տուր, որ հաստ ու դիմացկուն ըլլա, աշակերտին կը պոռա.

— Սա Մասիսները բեր։

Աշկերտը այս բառը լսելուն պես հաստ խումաշները կը բերե։

Եթե գույնը նետող խումաշ մը ուզես՝ կըսե.

— Սա Նորագիրները բեր։

Եթե պաղ գույն ուզես՝ Հայրենիքներն տո՛ւր, կըսե։

Եթե գոց գույն ուզես՝ Սետայը Հաքըքաթները տո՛ւր, կըսե։

Վերջապես ամեն մեկ խումաշին մեյ մեկ լրագրի անուն կուտա, առաջին անգամ յուր վաճառատունը գացողը կը կարծե, թե խմբագրատուն մը գացած է։


Փայտ կրող երկու ձիեր առջի օրը փողոցի մը մեջ իրարու կից զարնելով զիրար կը խածնեին։

Անցնողները սսաձերեն քաշեցին, փայտերով զարկին և երբ անհնար եղավ զանոնք իրարմե բաժնել, ինչո՞ւ զապթիե մը չեք կանչեր, պոռաց սրճարանին մեջեն ապուշին մեկը։


Մասիս պատվական լրագիրը եվրոպական թերթերեն առնելով հրատարակած էր, թե մարդուն մեկը չորս ամիսե ի վեր կը քնանա եղեր։

Մասիսի ընթերցողներեն մին այս լուրն իր մեկ բարեկամին կը հաղորդեր։

— Զարմանալու բան չէ՞, կ՛ըսեր, որ մարդ մը չորս ամիս քնանա։

— Զարմանալու ի՞նչ կա, մեր Մասիսը քսանչորս տարին ի վեր չքնանա՞ր կոր, կը պատասխանն բարեկամը։