Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպաննեմ. երկու շաբաթ է, որ լրագիրդ դադրեցուցած ես և տակավին ողջ ես։

— Րեվոլվեր առնելու ստակ ունի՞մ, որ ինքզինքս սպաննեմ։

— Ատանկ է նե՝ ինչո՞ւ րեվոլվեր չառած հրատարակեցիր թերթդ։


— Թոմիկ, այս գիշեր քեզի հետ մասքարա ըլլանք։

— Ըլլանք։

— Ի՞նչ կերպարանք մտնանք։

— Գինովի կերպարանք մտնանք ու գինով ձևանանք։

— Չըլլար տղա՛, կը ճանչցվինք, ատ ըսածդ մեր ամենօրվան կերպարանքն է։


Առջի օրը իմաստակին մեկը իր սահմանը սորվելու համար երգիծաբանի մը հարցուց.

— Իմաստակությունն ի՞նչ բառ է։

— Իմաստության աղավաղյալն է պատասխանեց երգիծաբանն։


Անցյալ շաբթու սրճարանի մը մեջ դասատու մը խմբագրի մը կըսեր։

— Անսխալական սպեղանին կարդացի՞ք լրագրաց մեջ։

— Այո՛, ի՞նչպես բան է։

— Սրբազան Պապին յուղն է։

— Ուղղափառ յուղ չըսե՞ս։


Մինասյան եղրարց վաճառատան մեջ

— Բարև։

— Աստուծու բարին, ի՞նչ կհուզեք կոր։

— Քանի մը օրե ի վեր փորլուծություն ունիմ, ի՞նչ ընեմ։

— Քեզի քիչ մը փանասե տանք խմե՛։