Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Լիմոնատա կը ծախեմ կոր։

— Կը վաստկի՞ս կոր գոնե։

— Փառք Աստուծո, երբեմն երբեմն թընելին թելը կը փրթի կոր, մեջինները կը վախնան կոր, ելլալնուն պես մեյ մեկ լիմոնատ կը խմեն կոր, ես ալ կապրիմ կոր։


— Ուֆ, ուֆ.․․

— Ի՞նչ եղար։

— Եղբա՛յր, աղեկ սերկևիլ ըսածդ ա՞ս էր։

— Չհավնեցա՞ր, ուրիշին երեք ղուրուշի կուտամ, քեզի երկուքի տվի։

— Երկուքն ալ գետնին տակը անցնի, երեքն ալ, աս սերկևիլ չէ, քար է։

— Շատ աղվոր սերկևիլ է։

— Չնայիս ա՛, քիչ մը փրցունեմ ըսի, ակռաս ելավ։

— Երկար ըրիր ա՛, էֆենտիմ, երկու ղուրուշի ակռադ քաշել տվիր, ատամնաբուժի մը երթայիր նե՝ մեճիտիե մը պիտի տայիր յա։


— Մարտիրոս աղա, դարձյալ սիկառա կը խմես կոր։

— Ի՞նչ ընեմ, Մանուկ աղա, ինչ ըրի նե՝ չկրցա վազ գալ։

— Տեր ողորմյա, իեքզինքիդ խոսք չե՞ս կրնար կոր հասկցնել։

— Ի՞նչ կ՛ըսես, աղբար, ինքզինքին խոսք հասկցնելը դյուրի՞ն բան կը կարծես․․․

— Բայց և այնպես բժիշկն ըսած էր, թե սիկառան չձգես նե կը մեռնիս։

— Այո՛, ըսած էր, ճանբա մը ցցո՜ւր, ձգեմ:

— Ճանբա մը կը ցցունեմ, բայց չես ըներ։

— Կընեմ։

— Շատ աղեկ, վաղը կամ մյուս օր ասկից կ՝ելլաս. շիտակ Քայսերի կերթաս։

— Քայսերի՞ մի երթամ։

— Հրամմեր եք, հոն սրճարան մը կա եղեր, կը մտնաս, սիկարա մը կը խմես, թիրյաքի տաճիկները կուգան քեզի աղվոր մը կը ծեծեն, ոսկորներդ կը կոտրեն, դուն ալ թեոպե կնես մեյ մ՝ալ սիկառա խմելու։