Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅԼ ԵՎ ԱՅԼՔ

Հրաշագործ Մկրտիչ եպիսկոպոսը, որ Պատրիարքարանի մեջ նս՛տելով ձանձրացել էր, կը լսեմք, թե Կարին օդափոխության գացած ըլլալով՝ Մշո վիճակին մեջ եղած բոլոր մարդիկը զվարճության համար քահանա պիտի ձեռնադրե եղեր։ Մինչև հիմա ժողովրդյան կեսը ձեռնադրվեր են։

Աչքերնին լույս գավառացվոց, հացի սով քաշեցին նե՝ գոնե սա մխիթարությունը կա, որ առատ քահանա ունին։


Ստեփան վարդապետ Թամզարայեն անցնելու ատեն տեսնելով, որ հառաջադիմությունը խիստ շատցեր է և երեսը նայող չիկա, ազգասիրութենե շարժյալ, ցավելով այս դառն աղետից վրա, դպրոցը գոցել կուտա մինչև որ գոյացած անբավ հառաջադիմությունը հատնի։

Այս չափով ալ գոհ չըլլալով՝ տուները և փողոցները կը պտտի եղեր, որ դեռ ևս ասդին անդին մնացած հառաջադիմություններ ալ կան նե չկորսվին։

Ինչ մարդիկ ունինք և հարգերնին չենք դիտեր։


Երկու ամիս առաջ Սկյուտարի Թաղային վարժարանաց միացման համար մասնաժողով մը կազմված էր։ Այս մասնաժողովը երեք անգամ նիստ ընելեն վերջը հոգնելով նիստերը դադրեցուցեր է։