Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր բարեկամներեն մին ամուսնանալու դիտավորություն ունենալով կը խնդրե մենե, որ այնպիսի միջնորդ մը գտնանք, որ յուք ուզած աղջիկը կարենա գտնել, այսինքն, կրթյալ, լեզվագետ և ուսումնական, խոստանալով միանգամայն, որ եթե այդպիսի միջնորդ մը գտնվելու ըլլա անոր աշխատության փոխարեն տասը ոսկի պատրաստ է տալ։ Մենք ալ իմանալով, որ մեր Մամուլ բարեկամը այդ արհեստը սկսեր է և այս ու այն աղջիկը կը հորդորե, որ խելոք նստին, որ իրենց մեյմեկ էրիկ գտնե, մեր բարեկամը իրեն սենյակը ղրկեցինք այն նպատակավ, որ թե մենք յուր այդ արհեստին մեջ ունեցած փորձառությունը հասկցած կըլլանք և թե իրեն ալ շահ մըրած։

Կը հուսանք, թե այդ արհեստին մեջ խմբագրութենե ավելի վարժ ըլլալով՝ զմեզ մեր բարեկամին քով պզտիկ չձգեր։


Կը լսեմք, թե Շիրքեթի Խայրիեի 13 թիվ շոգենավը կամաց քալելուն համար գանգատ ընողներուն դեմ պատվո դատ պիտի բանա եղեր ծովուն մեջտեղ կենալով։


— Հրդեհին պեքճիները ինչո՞ւ հրդեհը մարելեն վերջը անոք ուր ըլլալը կը ծանուցանեն կոր։

— Վախնալով, որ չըլլա թե իրենց ահռելի ձայնեն հրդեհը վախեն ցատկելով ամեն տեղ ճարակի։

— Բայց ժամանակին իմաց չի տալովնին հասարակությունը միշտ վնաս կընե նե։

— Որո՞ւ հոգ, իրենք հանգիստ կը քնանան յա։


Շիրքեթի խայրիեն ծանուցում կընե, թե որու որ ականջը խուլ է նե թող գա քսան և ութ թիվ շոգենավը նստի և շոգենավին սուլելու ժամանակ սուլիչին մոտը կենա։

— Է՛յ, խուլի մը ականջը պիտի բացվի ըսելով՝ մյուս հաճախորդներուն ամենուն ալ ականջը խուլցունելու է։

— Ինչ վնաս ունի, անոնք ալ կը խուլնան և գանգատող չըլլար։