Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծուխն ունի և անիրավություն է անոր բաժնին դպչիլ, բանական կենդանին, որ է մուրացիկը, անբան կենդանիե մը նախամեծար չընելու անպատեհությունն ըրած պիտի ըլլանք։

Այսուհանդերձ, քանի որ այդ կենդանիները կան, ասոնք ալ ապրեցնելու ճարը պետք է հոգալ, եթե չենք ուզեր, որ մեզ ուտեն։

Եթե լոկ ոսկորի կտորվանքով թող գոհ ըլլան ըսենք, այդ այ ուսկից պիտի գտնեն, քանի որ մարդիկ միս գտած չունին հիմա։

Հապա ասանկ թողելու է այս կռիվները, որ օրե օր ավելնան մուրացկաններուն պես, բացի ասկե, կըլլա որ այդ կենդանյաց ոմանց քով բնազդումը այնչափ զորավոր չըլլալով տղու մը ձեռքը քիչ մը հաց կը տեսնեն և զայն ալ մուրացկան կարծելով այդ մերն է տուր կըսեն, (տղան վախնա նէ հոգ չէ՞ յա)։

Ասոր ինչ պիտի ըսես։

Ուստի, կամ հաց չուտելու է, կամ մուրացկանները վերցնելու կամ ամենքն ալ մուրացկան ըլլալու են, որ ատոնց հախեն գան։

Է՜, ասոնց մեջ համաձայնություն մը գոյացվի նե։

Ասոր ալ պիտի ըսես, թե այս կենդանյաց երեսին կաշին հաստ է մեկուն պես։

Մուրացկաններունը շա՞տ բարակ է, զանոնք ճամբու դնելու համար ամեն մարդ ինչ կը քաշե կոր։


— Պարոն, ուրախակից եմ ձեզ, կարծեմ շահս վոր գործի մը ձեռնարկած եք։

— Այո՛, Դուռը կերթամ։

— Դուռը ի՞նչ կ՛ընեք, չեմ կարծեր, որ դուք պահապան եղած ըլլաք։

— Ոչ, Բարձրագույն դուռը գրագրության սկսեցինք։

— Օ՜, շնորհավորություն, կ՛երևա թե խիստ գոհացուցիչ ամսական մ՛ալ կառնուք։

— Ոչ, բարեկամ, ամսականս դեռ շատ աննշան բան մէ, բայց ապագային համար մեծ ակնկալություն ունիմ։

— Ուրեմն, էֆենտի, պետք չէր կարծեմ, որ ներկային աննշանությունը ապագային ակնկալությանդ հետ շփոթեիք, վասնզի կը տեսնեմ, որ ձեր հագած զգեստները, ձեռքի գավազանը, աչքի ակնոցը, կոշիկները, վզերնուդ գրավաթը վերջապես արդի երիտասարդաց ամենաշիքն ըլլալու համար բնավ բան մը պակաս թողած չեք, արդյոք նոր ժառանգությա՞ն մը տիրացաք, թե չէ․․․