Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աղջիկները այս ամիս ինչո՞վ կզբաղին։

— Ո՛ր տան սուարեին մեջ հարմար անկաժեներ գտնվելուն ցանկը պատրաստելով։


Մարդուն մեկը ուշ ատեն տուն երթալով կը հարցնե կնոջը.— ուտելու ի՞նչ ունինք։

Կինը կը պատասխանե. — եփելու ի՞նչ բերիր։


Նոր հարս մը յուր կեսուրոջը շարունակ մրմռալը տեսնելով կըսե. — սովորություն է որ կեսուրները շատ կը մրմռան. բայց սովորություն ալ է որ հարսերը ատոնց բնավ ականջ չեն կախեր։


Տիկին մը յուր սպասավորին կը պատվիրե, որ տան մեջ անցած դարձած բաներուն վրա յուր աղային բնավ բան մը չըսե։

Օր մը իրավամբ կարի հետաքրքրական և ծիծաղաշարժ դեպք մը կը պատահի, որուն վրա սպասավորը չկրնար յուր խնդալը զսպել։ Իրիկունը երբ աղան տուն կուգա կը տեսնե որ սպասավորը շարունակ կը խնդա։

— Ծո՛, ինչո՞ւ կը խնդաս կոր։

— Ճանրմ աղա, ինչի՞ չխնդամ։

— Խնդալու ինչ կա որ...

— Խնդալու բան մի չըլլի նե հիչ կու խնդամ։

— Է՛յ, ինչ կա նայինք։

— Ինչո՞ւ։

— Հանըմը էնանկ պատվեր արաց։

— Զուրցե, զուրցե ես քու պախշիշդ կուտամ էյեր շիտակը զրուցես նե՝ առ նայիմ սա ոսկին։

— Զուրցիմ, ճանրմ աղաս... այս միջոցին տիկինը, որ մտիկ կ՝ըներ ենթադրելով որ ապերախտ ծառան տան գաղտնիքը երևան պիտի հանե, առանց ամուսնույն տեսնելու սպասավորին երկու ոսկի կը ցուցնե։

— Էֆենտի՛մ, բան մի չիկա որ զուրցեմ, չե՞ս տեսներ ալ չեմ խնդար։