Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մեծ մեղք մէ, տեր հայր։

— Աստուծո գթությունն ավելի մեծ է։

— Անցած օր փողոցե մը անցած ատենս հոն հայոց եկեղեցի մը կար...։

— Է՜յ։

— Հոնկե ներս նայեցա անգիտությամբ:

— Թշվառակա՜ն։

— Ինձ։

— Անբարի՜շտ, անկրո՜ն, անաստվա՛ծ:

— Վա՜յ ի՛նձ, վա՝յ ինձ, վա՜յ ինձ։

— Գիտե՞ս ինչ ծանր մեղք գործեր ես:

— Այո՛, տեր հայր, գիտեմ և կը զղջամ, սակայն ըսի թե անգիտությամբ գործեցի։

— Քանի որ անգիտությամբ գործեր ես, քանի որ գործածդ ծանր մեղք մ՝ըլլալը կը ճանչնաս, քանի որ ըրածիդ վրա սրտովին կը զղջաս անգամ մ՝ալ այսպիսի ծանր մեղք մը չգործելու պայմանավ, ես քեզի ծանր ապաշխարանք մը չեմ դներ, այլ կը զրկեմ զքեզ այս տարվան... չրոզեն։

Սակայն որովհետև կաղ սատանան ուրիշ կին մալ տեսեր է, որ քահանային խոստովանելու կուգա, հոն կեցեր և անոր խոստովանանքն ալ մտիկ ըրեր է։

— Տե՜ր հայր, գիտես, որ արհեստիվ մանկաբարձ եմ։

— Այո՛։

— Այս շաբթու դարձյալ հայ կնունքի համար պարտավորեցա ակամա հայ եկեղեցին մտնել։

— Դարձյա՞լ:

— Ի՞նչ ընեմ, տեր հայր, գիտես որ արհեստս է։

— Է՜յ, չը՞լլար որ հայ տները չմտնես։

— Ծուխերուս մեծ մասը հայ են։

— Կարելի չէ՞, որ արհեստդ փոխես։

— Ես ուրիշ ի՞նչ կրնամ ընել, հարեց կինը, ասկե ետք ի՞նչ արհեստ կրնամ սորվիլ։

— Ինչ որ է. սովորականին համեմատ Սաղմոսը յոթն անգամ դարձիր և եկու հաղորդվեք որ մեղքիդ թողություն գտնես:

Ասոր ետևեն ուրիշ կին մալ կուգա։

— Տեր հայր, մենք Սարըյար Ենի Մահալե կը բնակիմք։