Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կել. ես ալ ասոնց մեջ սկսա դառնալ։ Ետքն ալ աս չափխըններն պղտիկ սենյակ մը — լոժա կ՛ըսեն կոր նե — կը տանին կինս ու աղջիկս, ու կսկսին անոնց հետ խմել. ես ալ ներս մտնել կուզեմ կոր նե՝ կնիկս իշմար կ՚ընե կոր քի չմտնամ, ամոթ է եղեր մեյեր, ես ալ լոժային դռան առջև կ՛սպասեմ, որ ասոնք դուրս ելնեն ու ճեհեննեմ ըլլանք երթանք։ Երկու ժամեն ետքը վերջապես ելան, ճեհեննեմ, փախչինք սա դժոխքեն, ըսի ու կինս ու աղջիկս առնել դուրս ելա։ Վա՜հ, վա՜հ, աս ի՞նչ քեբազե բան է եղեր... դուն անոր ասոր կինն ու աղջիկն առ, էյլենմիշ եղիր ու այդ կնկան էրիկն ու այդ աղջկան հայրն դռան առջև սպասե։

— Ի՞նչ ընենք, Աբիմելեք աղա, ամեն օր չէ յա, տարին անգամ մէ։

— Անկե ետքն ալ ոսկի մը կ՛ուզեն կոր, էֆենտիմ, աս մարդիկ չե՞ն ամչնար։

— Դպրոցին համար է, Աբիմելեք աղա։

— Աղեկ ա՛, ուրիշ բաներու համար ստակ ունինք տե, դպրոցներո՞ւ համար միայն չունինք, եթե աս կերպով ստակ հավաքելն դյուրին է, սա Երուսաղեմի պարտուց համար ալ պարի պալոներ տան։


— Անցյալ գիշեր ժամը մինչև քանի՞ն պարեցիք։

— Առավոտյան մինչև ժամը տասն և մեկը։

— Քու բարեկամդ ալ հո՞ն էր։

— Ո՞ր բարեկամս։

— Այն բարեկամդ, որուն հետ միշտ համակարծիք կը գտնվիք Ազգային ժողովո մեջ։

— Հասկցա, բայց նույն գիշեր անոր հետ բարեկամությունս կտրեցի։

— Ինչո՞ւ։

— Որովհետև քրոջը հետ բոլքա մազուրքա մը պարել ուղեցի և քույրը մերժեց զիս։ Ես այ վրեժս լուծելու համար միտքս դրի, որ Ազգային ժողովո մեջ ինչ կարծիք որ հայտնե անոր հակառակ խոսիմ, անոր հակառակ քվե տամ, վերջապես ան նստի նե՝ ես ելնեմ, ան ելնե նե ես նստիմ։