Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԵՏ

Խ. Հ. Դերձակյան ստորագրությամբ նամակ մը ստացանք Իզմիրեն... դժբախտաբար։ Արգո նամակացիրն զմեզ լիրբ, համարձակ, ապերախտ, խարդախ, վատ անվանելեն ետքը՝ կը հավելու, թե ինձի պես մարդու հետ գործ ընել չուզեր։ Նամակն կարդալեն հետո քիչ մը մտմտալով սա համոզումը գոյացուցինք, թե մեծապատիվ նամակագիրն զմեզ ուրիշ մեկու մը նմանցուցած է անպատճառ:

Ալֆոնս Քարի ողջմտությանը վրա ոչ ոք կը կասկածի։ Այո Ալֆոնս Քարը, լավ չեմ հիշեր, բայց կը կարծեմ, թե նմանօրինակ լեզվով իրեն նամակ դրողի մը ըսած է ատենոք. «Հաճեցեք, պարոն, ուղարկել ինձ ձեր ականջներուն հասցեն»։

Խիկար, որ արտոնություն չունի անանկ խոսքեր ընելու, խոնարհաբար կը խնդրե Իզմիրի բարեխնամ և պերճախոս առաջնորդեն, որ քիչ մավելի ուժ տա յուր քարոզներուն։

Աղաչելով մեծապատիվ Խ. Հ. Դերձակյան էֆենտին, որ շնորհ ընե ընդունիլ մեր ամենախոնարհ հարգանաց հավաստիքն, կը խնդրենք, որ ուշադրություն ընե քիչ մը հետևյալ տողերուն։

Խիկարի ամբողջ թերթերն հրատարակված են և գործակալաց ղրկված են։

Մեր Իզմիրի նախորդ գործակալեն չունեցանք ցարդ նամակ մոր հայտնե, թե Խիկարին այսինչ թիվն ստացած չէ։

Խիկար 100 մեճիտիեի փոխարեն 10 ոսկի միայն ընդունած է շնորհիվ յուր գործակալին ազգասիրության, ինչպես ըսած ենք արդեն:

Արդ, անոնք որ կուզեն ստանալ Խիկարի նախորդ շրջանի թիվերն, դիմելու են մեր Իզմիրի նախորդ գործակալին։ Իսկ անոնք, որ չեն ուզեր՝ իրենց ընդունած թիվերն ետ դարձնելու իրավունքն լիուլի կը վայելեն։