Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հակառակ մեզ եղած հանձնարարականի չկրցինք հրատարակել այդ նամակը, որովհետև յուր հայտնած երկու դիտողություններն դպրոցական գրասեղանի վրա հերքվելու արժանի են և ոչ թե հրապարակի վրա։


Վիեննայի Մխիթարյան վանքեն հրատարակվեցավ թերթ մԱմսօրյա Հանդես անուն, որուն առաջին թիվն ստացանք և կարդացինք, թե հավն ինչպես կելնե հավկիթեն։

Մխիթարության արժանի թերթ մէ սա, և տարակույս չկա, թե ավելի շատ համբավ կը գտներ, եթե Վարնայի գյուղերեն միույն մեջ լույս տեսներ։

Կը վախնանք, որ Վիեննայի Մխիթարյան վանուց համբավն պիտի նսեմացնե այս հանդեսն, եթե սա չարատավորե հիշյալ վանուց հռչակն։


Մեր բարեկամներեն մին կիմացունե մեզ, թե գյուղի մը պանդուխտ քահանան եկեղեցվո մեջ հետևյալ կերպով հիշատակեր է նոր տարին․

«Եշ. դկ. Գ․ օր պահոց Ծննդեան և Կաղանդ, Յն, Տօն անվանակոչութեան Տեառն, Լտ․ Յունվ․ 13։ Տօմ․ Քաղոցի ԻԳ Յայսըմ Քաղոցի ԻԴ․ Ա․ Արամա, ԺԵ։ ՏՃ․ Րեպիլ ախըրի տասնևինը և Գասըմի վաթսունևութն։ Հր․ Թեբեթի տասնևյօթն, որոց այսօր է յիշատակ և այլն»։

Մենք չհավատացինք, այսուամենայնիվ ուզողը կրնա հավատալ։


Եվ մենք խեղճ արարածքս կը կարծենք, թե վերջացավ բարեկենդանը.

Տասնևիններորդ լուսավորյալ դարուս մեջ դիմակի գործածությունն սովորություն մը, պետք մը դարձած է։ Մարդիկ սորված են ալ իրենց դեմքը դիմակ անցունել, ինչպես վարժված են իրենց ոտքը գուլպա և իրենց ձեռքը ձեռնոց անցունելու։ Ընկերությանց մեջ, խորհրդարանաց մեջ առանց դիմակի մտնելն, բոկոտն և