Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդպես կը ծանուցանեն ազգային լրագիրներն, որոց ճշմարտախոսության վրա չկասկածիր Խիկար:

Եվ ի՜նչ ծանուցումներ ժեռոտելի բասթիյլներուն օգտակարությունն զգացնելու համար հասարակության․ ո՜րքան խորագիրներ, ո՜րքան ճիգեր..․ գրականության բոլոր ճյուղերուն մեջ մտան ժեռոտելի բասթիյլներն: Բանաստեղծ մը ժեռոտելի բասթիյլներեն ոտանավոր մը շինեց, բայց, շիտակը խոսելով, համով չէր։ Ուրիշ մը բեմբասացություն մը շինեց, ան ալ չէր հաջողած։ Ըստ մեզ, ժեռոտելի բասթիյլներուն թոլքա մազուրքան ամենեն աղեկն էր։ Ժեռոտեփ բասթիյլներուն նորավեպն ալ գեշ չէր, թեև չենք ուրանար, թե ազգային Խառն ժողովն, որ քանի մը շաբաթե ի վեր կը հազա՝ կրնա օգտվիլ ժեռոտելի բասթիյլներեն:

Հապա Սինկերի կարի մեքենաներուն ի՞նչ կըսեք։

Բնավ աչքես չհեռանար տեսարանն, որուն օր մը ներկա գտնվեցանք ես ու միամտությունը։

— Ինչո՞ւ տխուր ես։

— Գործս ավրվեցավ։ Տարի ու կես է, որ թշվառության մեջ կապրիմ... կինս ալ մեռավ..․ վերջապես դժբախտ եմ։

— Կուզե՞ս երջանիկ ըլլալ։

— Ո՞վ չուզեր։

— Գնա՛, շուտ մը Սինկերի կարի մեքենա մառ։

ժեռոտելի բասթիյլներն ալ փորձե՛ անգամ մը։


Քառասուն անգամ պատվիրած եմ ժամկոչներուն և լուսարարներն, որ եկեղեցվո արարողության ժամանակ, կամ մանավանդ քահանայից աղոթք, մաղթանք կամ տաղ կարդացած ժամանակը, չերթան դասին ետևեն քահանայից ականջն ի վար փսփսալու, անոնց հետ խոսելու և աղոթքն, շարականն և այլն ընդմիջելու։

Բառասան անգամ ըսած եմ զայս և քառասուն անգամ ես միայն լսած եմ։ Բահանայք և ժամկոչք կերևի, թե շատ ընտանեցած են Աստուծո հետ և չեն զգար, թե կը լվանան Աստուծո այն հարգանքն, որուն իրավունք ունի նա։ Չեն խորհիր անոնք, որ իրենց անվայել ընթացքով գայթակղություն կը պատճառեն բարեպաշտ ժողովրդյան։ Ի՞նչ մեղքս պահեմ, քանի անգամ որ եկեղեցի գնացած եմ. բարկությամբ դուրս ելած եմ։