Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազնվապետական գյուղի մը մեջ ենք։

Եկեղեցվույն դռները կը բացվին ժամը տասներկուքին (կարծեմ ի Արևագալը պիտի երգեն։

Քահանան կ՛սկսի.

— Հարևելից մինչ ի մուտս.․.

— Ժամկոչը (դասին ետևեն) տեր հայր... տեր հայր...

— Ի հյուսիսո... ի՞նչ կա.

— Փսըփսըփսըփսը...

— Եվ ի հարավո... կեցիր...

— Փսըփսըփսըփսըփսըփսըփսըփսըփսըսփսրփսըփսըփսը։

— Հասկցա ճանըմ... ամենայն ազգ և...

— Փսըփսըփսըփսըփսըփսըփսըփսըփսը։

— Կյումիշ պալըղը։

— Փսըփսըփսըփսըփսըփսըփսըփսը։

— Ժամը չորսին կերթամ։

— Փսըփսըփսըփսը...

— Շատ աղեկ, շատ աղեկ...

— Հասկցա պապամ... ազինք... օրհնություն նոր օրհնեցե՞ք.. թո՛ղ սպասե քիչ մը... զարարիչն արա... Պողոսին խապար ղրկեցեք... րարածոց որ ծագյաց զլույս... բազարլըխն ինձի ձգեցեք.․․ արեգականն այսօր աշխարհս... հայտե, երթանք։

Մեծ ցավ է մեզ եկեղեցվո սեմեն ներս տանիլ Խիկարն. և եթե ստիպվեցանք այսօր սույն տողերը գրել, մեր միակ նպատակն էր և է ցույց տալ ընթերցողաց, թե որքան կը նսեմանա մեր եկեղեցվո երգեցողությանց վսեմությունն նմանօրինակ պարագաներու մեջ։

Բայց, ավելի մեծ ցավ է մեզ հայտնել, թե քառասուն անգամներեն ավելի ներկա գտնված ենք այսպիսի տեսարաններու, որք շատ գեշ տպավորություն ըրած են բարեպաշտ ժողովրդյան վրա, որուն մեկ անդամն ըլլալու պատիվն ունինք և մենք անարժանաբար։

Ո՛ պաշտոնյայք եկեղեցվո, մեր ուզածն մեծ բան մը չէ։

Երբ եկեղեցի մտնեք, կայնեցե՛ք այնպես, որպես պիտի կայնեիք Աստուծո առջև, կամ պարտատերի մը առջև... գոնե։


Վերջին երկու ամիսներու մեջ մեր կրոնքն ալ քիչ չչարչարվեցավ։