Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրոնական ժողովն կը հանձնարարե գերապատիվ Մանկունի եպիսկոպոսին քահանա ձեռնադրել Ս... էֆենտին:

Գերապատիվ Մանկունի եպիսկոպոսն կը մերժե, առարկելով, թե Մաշտոցը թույլ չտար քահանա ձեռնագրել մեծ պահոց մեջ:

Կրոնական ժողովն կը հրավիրե գերապատիվ Մանկունի եպիսկոպոսն, որ փաստերով արդարացնե յուր առարկությունը:

Գերապատիվ Մանկունի եպիսկոպոս վախըթ չունիմ, էջմիածին հարցուցե՛ք, կը պատասխանե։

Խնդիրք կը վերջանա.․․ դարձյալ գայթակղություն ժողովրդյան մեջ:

Առիթն ներկայացած է կարծեմ հարցնելու, թե արդյոք Մաշտոցը թույլ կուտա՞, որ մեկը, օրինակի համար, վանքե մը, ըսենք, քանի ո՛ր սնտուկ բուրլի վերցնե, և միշտ օրինակի համար, գյուղերու մեջ խանութներ գնե և օրինակի համար, Գ... գյուղի մեջ տուներ շինել տա Մեծ պահոց մեջ։

Ներեցե՛ք համարձակությանս... խոսքին կարգն եկավ ու չկրցի ինքզինքս բռնել։

Ասոր համա՞ր ալ էջմիածին դիմելու է․․․


Հեղինակք ոմանք սկսած են քանի մը ժամանակե հետե ի պետս յուրյանց դասագիրքեր հրատարակել։

Տեսա՞ք, Ուսումն բարոյականի անուն գրքույկն, աշխատասիրյալ Հ. Եղիշե վարդապետ Այվազյանե։


Պարոն Հրազդան կը փափագի, որ յուր վրա խոսին, միշտ խոսին, աղեկ կամ գեշ խոսին վերջապես։

Պարոն Հրազդան այս անգամ ալ զմեզ խոսել տալու փափագ կը հայտնե, յուր սրտաճմլիկ Օրկան կյանքով, ուղելով ճմլել նաև մեր... ոտքը, մոռնալով սակայն, թե հեծնելու արհեստը շատ հառաջ գնացած է այսօր և չէ ինչ, որ Բաաղամու օրով։ Բնական է ուրեմն, որ թույլ չտանք իրեն շիտակ ճամբան թողուլ ու պատերուն քսվիլ։ Բնական է նաև, որ իրմե վնասվելու բնավ երկյուղ չունենանք, որքան ալ երերածուփ տատանի նա, որովհետև զՊարոնյան բարձյալ տանի։