Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բժիշկը հիվանդաց այցելություններ կընդունի։

Սրահն լի է հիվանդներով, որ կարդավ կը մտնեն բժիշկին սենյակը։

Մարդը գավառացի հիվանդի մէ։

Ներս կը մտնե։

— Ի՞նչ ունիք։

— Գանկս կը ցավի, ոտքերս կը կտրին և ստամոքսիս վրա ծանրություն մը կա։

— Ասոնց ո՞րր նայիլ պիտի տաս այսօր։

— Չեմ հասկնար։

— Մեկ վիզիթայով երեքը մեկեն կը նայվի՞ մի յա, քիչ մը ինսաֆ պետք է։

— Երբ որ մեկ վիզիթայով նայվելիք հիվանդ ըլլամ նե ան ատեն կուգամ ձեզի, կըսե հիվանդն ու կը մեկնի։


Ազգային լրագիրներն Ամերիկայեն երկար թղթակցություններ կը հրատարակեն շարունակ և բան մը չեն խոսիր հայաբնակ գավառներուն վրա, այնպես որ մեր ազգայինք այսօր ավելի տեղեկություն և ծանոթություն կստանան ամերիկացոց բարուց և սովորությանը վրա, քան թե հայաբնակ գավառաց հայոց վիճակին վրա:

Պատճա՞ռ։

Որովհետև Ամերիկայեն Կ. Պոլիս քսան փարա է նամակի մը փոխադրության ծախքը։

Ես ալ այսուհետև բոլոր նամակներս Ամերիկա պիտի ղրկեմ։


Հակառակ մեր կամաց, հարկադրված ենք դարձյալ ավանակը հոլովել... բայց ոչ Հ... ի վրա, այլ Լեզվի մեկ հոդվածին վրա։

Այս բանասիրական հանդեսն, որպես կերևի, մեծ կարևորություն կուտա այս կենդանվույն ստուգաբանության։

Անոր արժանապատիվ խմբագիրն, այսինքն Լեզվի և ոչ ավանակին — քանի մը տարիներ առաջ Մասիսի մեջ հրատարակած էր հոդված մորու խորագիրն էր Ավանակը հա՞յ է: