Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նշմարած ե?ք արդյոք, որ անասնոց ալ բարոյականության մեծ անկում կա։

Ոսկեղեն դարու գաղանները պատվավոր էին, ուրիշին իրավունքը չէին ուտեր, արդի կենդանիները գող, ավազակ են։

Կատուներու վրա մասնավորելով խոսքս կրնամ ըսել, թե ասոնք բնավ արժանապատվություն չունին։ Արժանապատվությունն ալ խո՞սք է, բնավ խիպ չունին և այլոց իրավունքն կուտեն այն համարձակությամբ որով պիտի վայլեին իրենցը։ Գող են, Հափշտակիչ են, բայց վարպետ են։ Ի՜նչպես որակեմ չգիտեմ, կարծես տեսակ մը պանքայի տնօրեններ են։

Գիշեր չանցնիր, ուր սեղանի վրա քանի մը պատառ միս թույլ չտան կատուներու հափշտակել։ Հեզությամբ և քաղաքավարությամբ կը մոտենան և սեղանեն միս կը հափշտակեն կերթան։ Իմ սեղանս Երուսաղեմի վա՞նք կը կարծեն արդյոք այս անպիտանները։


Ուսումնասիրելու համար, թե ջերմությունն, լույսն ու խոնավությունն ինչ ազդեցություն ունին լրագրաց ուղղության վրա, պետք է քննել ուղղությունն քանի մը լրագրաց, որ լուսավոր կամ խոնավ կամ ջերմ տեղեր կը խմբագրվին։

Լուսավոր սենյակներու մեջ խմբագրված հոդված մը հստակությամբ կը փայլի։

Տաք սենյակներու մեջ խմբագրվածն թույլ կը լինի։

Խոնավ սենյակներու մեջ շարադրվածն անհոգի մարմին կը դառնա։

Շատուց փորձված է, թե տեղը մեծ ազդեցություն ունի խմբագրի մը կարծիքներուն վրա։

Ընդհանրապես հակասություն կը գտնվի այն հոդվածին մեջ, որուն կեսը մեկ սենյակի մեջ և կեսն ուրիշ սենյակի մեջ շարադրված է։

Այս իսկ է պատճառ, որ ազգային Ընդհանուր ժողովո Ղալաթիս մեջ տված որոշումներն Քում—Քաբուին մեջ տված որոշումներուն ծուռ աչոք կը նային շատ անգամ և բարև չեն տար անոնց։

Ազգային ժողովները տեղ փոխելու չեն։